
Աբխազիայում օտարազգիներին կթույլատրեն գնել անշարժ գույք

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Աբխազիայի կառավարությունը ցանկանում է պաշտոնապես օտարազգիներին թույլատրել անշարժ գույք գնելը հանրապետության տարածքում: Այս մասին հայտարարել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը:
Վերջինիս խոսքերով` իրենք այդ առաջարկը ներկայացրել են խորհրդարանին: Խոսելով նման քայլի գնալու դրդապատճառների մասին` Անկվաբն ընդգծել է, որ պետության թիկունքում արդեն իսկ կատարվում են նմանատիպ հազարավոր գործարքներ: Աբխազիայում օտարազգիների համար անշարժ գույք գնելու վրա արգելք է դրվել դեռևս 1995 թվականին:
Ռուսական Коммерсантъ թերթն իր հերթին հայտնել է, որ Աբխազիայի կառավարությունն այդ քայլին է գնում` կապված հետպատերազմյան լքյալ տների չարաշահումների հետ: Դրանք հիմնականում վերավաճառվել են ռուսների կողմից, գները բարձրացել են` հասնելով ռուսականի մակարդակի, և անշարժ գույքի գնումն անմատչելի է դարձել աբխազների համար: