ՀՀ ղեկավարությունը լավ գիտի, որ երկու «ձմերուկ» չի բռնի. Ալեքսեյ Պորտանսկի
«ԵՄ-ում ասոցիացիաների մասին համաձայնագրերի հարցում հատուկ պրակտիկա կա, նման համաձայնագրեր կնքվում են շատ երկրների հետ, այդ թվում նրանց, որոնք հետագայում դառնում են ԵՄ անդամներ: Այդ համաձայնագրերի կնքման ժամանակ կան որոշակի չափորոշիչներ, և ամեն անգամ նման համաձայնագիր կնքելու թեկնածուներին առաջարկվում է ծանոթանալ դրանց և հստակ կատարել: Մասնավորապես` այդ չափորոշիչներն արգելում են անդամ երկրին մասնակցել այլ առևտրատնտեսական ինտեգրացիոն դաշինքին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային էկոնոմիկայի և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի առևտրային քաղաքականության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին:
Ըստ նրա` ԵՄ Ասոցացման համաձայնագրերով առաջնությունը տրվում է հենց ԵՄ հետ առևտրատնտեսական կապերի զարգացմանը, և դրա համար չի կարող երկու ազատ տնտեսական գոտի լինել, այսինքն, հանդիսանալով Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան-Հայաստան մաքսային միության անդամ՝ ՀՀ-ն չի կարող միաժամանակ Ասոցացման համաձայնագիր ունենալ ԵՄ-ի հետ, որը որպես օրենք ենթադրում է ազատ առևտրի գոտի:
«Այնտեղ եղած չափանիշները թույլ չեն տալիս դա: Այդ մասին շատ լավ գիտեն մեզ մոտ` Մոսկվայում, նաև դա լավ գիտի Հայաստանի ղեկավարությունը»,- նշեց նա:
Մեր դիտարկմանը` նախկինում ՀՀ իշխանության ներկայացուցիչները խոսում էին ՄՄ-ին Հայաստանի մասնակի անդամակցության մասին, Ա.Պորտանսկին պատասխանեց, որ ներկայումս ՄՄ հետ մասնակի համագործակցության հիմա փորձում է հասնել Ուկրաինան, բայց բավականին բարդ է նման հարաբերություններ կառուցելը. «Հայտնի չէ, թե այդ համագործակցությունն ինչպես կարգանա հետագայում»: