Իշխանական վերնախավում քննարկվում է Ռոբերտ Քոչարյանին վարչապետ նշանակելու մասին հարցը
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առայժմ չի շտապում իր տեսակետը հայտնել Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունների կապակցությամբ։ Թերթի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, թե՝ «Պարոն Քոչարյանն ուշադրությամբ հետևում է և՛ արտաքին, և՛ ներքաղաքական գործընթացներին։ Ու կարծում եմ՝ առաջիկայում նա իր տեսակետը կհայտնի»:
Հիշեցնենք, որ 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների կայացրած որոշումից հետո իշխանական վերնախավում ակտիվ քննարկվում է Ռոբերտ Քոչարյանին ՀՀ վարչապետ նշանակելու հարցը:
Սակայն իշխանությունները դեռևս չեն շտապում կտրուկ քայլեր անել՝ մտավախություն ունենալով, որ արևմտամետ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը կարող է էլ ավելի ծանր հետևանքներ ունենալ:Ամենայն հավանականությամբ, հենց սա է պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանն այս պահին իր տեսակետը չի արտահայտում տեղի ունեցածի վերաբերյալ և շարունակում է «ուշադրությամբ հետևել» զարգացումներին: