ԵԺԿ-ն դատապարտեց Ռուսաստանի ճնշումը Հայաստանի նկատմամբ

Հինգշաբթի օրը Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի ժամանակ հրատապ բանաձևի նախագիծ է ընդունվել, որում ԵԺԿ-ն դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումը և ափսոսանք է հայտնում այդ հանգամանքներում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցությամբ, որը վտանգում է Հայաստանի ձեռքբերումները Եվրամիության ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և կրթության և գիտության նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ովքեր վեհաժողովին ներկայացրել են Հանրապետական կուսակցությունը, ստիպված են եղել ԵԺԿ-ի եվրոպացի գործընկերներին բացատրել, թե ինչպես Հայաստանը տարիներ շարունակ Եվրամիության հետ բանակցելով հանկարծակի որոշեց միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը:

«Իհարկե, եվրոպական հանրության մոտ նման տեսակի հայտարարությունը չէր կարող միանշանակ ռեակցիա առաջացնել, և ռեակցիաները բավականին տարբեր են՝ սկսած այն հանգամանքից, որ Հայաստանը մեղք չունի՝ Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվել իբր թե, վերջացրած այն տեսակետով, որ այս խնդիրը միայն Հայաստանով չի սահմանափակվում, այլ ընդհանուր աշխարհքաղաքական վեճ է գնում», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արմեն Աշոտյանը:

Բրյուսելում ԵԺԿ-ի վեհաժողովի առաջին օրվա նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչները փոխանցեցին, թե եվրոպացիներից շատերն ըմբռնումով են մոտեցել:

Կարդացեք նաև

«Բնականաբար, դա առաջին հերթին պայմանավորված է անվտանգության խնդիրներով, իսկ սա առավել քան հասկանալի է քաղաքական շրջանակներում», – ընդգծեց Արտակ Զաքարյանը:

«Հայաստանի շահով են բացատրվում որպես ընտրություն: Հայաստանին երբեք այս տարիների ընթացքում, եթե բարձրացնեք մամուլը՝ բացի վերջին վեց-ութ ամիսների, որևէ մի աշխարհքաղաքական ուժ՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Եվրամիությունը, չի ասել, չի ակնարկել, չի խոսել «կա՛մ-կա՛մ» ընտրության մասին: Խաղի կանոնները փոխել խաղի վերջում՝ այդքան էլ ազնիվ մոտեցում չէ գործընկերների նկատմամբ», – ասաց Արմեն Աշոտյանը:

Նա հավելեց, որ Հայաստանը որպես կռվախնձոր դիտարկող ուժերը չեն կարող երկարաժամկետ գործընկեր լինել, իսկ այ Հայաստանին միջազգային իրավունքի սուբյեկտ համարող ուժերի հետ Հայաստանը պատրաստ է ճանապարհ անցնել:

Հայաստանը, միանալով Մաքսային միությանը, առաջնորդվում է առաջին հերթին անվտանգության և էներգետիկ շահերով` ասում են հանրապետականները, դեռ չունենալով այն հարցի պատասխանը, թե Մաքսային միության անդամակցության գլխավոր նախապայմանին չհամապատասխանելը, այն է` Ռուսաստանի հետ սահման չունենալը, ինչպես է կարգավորվելու:

«Գիտեք, դրանք բոլորը խնդիրներ են, որոնք Մաքսային միությանն անդամակցելու գործընթացում անպայման ունենալու են լուծումներ: Նախապայման՝ դա չի նշանակում, որ պետք է անպայման սահման ստեղծենք: Խնդիրը հետևյալն է, որ գոյություն ունեն համապատասխան համաձայնագրեր, որոնք որ կարգավորում են մաքսային խնդիրները, մաքսային հարաբերությունները, և, բնականաբար, այդ ամբողջը իրավական բազայի վրա պետք է կառուցված լինի», – նշել է Արտակ Զաքարյանը:

Մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս