Հայկակ Արշամյան. Ես տեղի ունեցածը կապում եմ «Սովետական Միության վերականգնման դեմ» մեր պայքարի հետ
Երեկ ուշ երեկոյան սեփական տան դիմաց անհայտ խմբի կողմից ծեծի ենթարկված Հայկակ Արշամյանը վնասվածքներ է ստացել քթի հատվածում եւ դեմքի ու գլխի շրջաններում: Նա ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է. «Հիմա ես տանն եմ, բայց պատրաստվում եմ նորից գնալ հիվանդանոց, որ բուժզննում անցնեմ, այսինքն՝ այտս ներսի կողմից կարված է, քթիս կողմերը խփված են, ընկերոջս վիճակը այդքան լավ չէ, քիթը կոտրել են, գլուխը եւս կարված է, ինքը հիմա հիվանդանոցում է, քթի վիրահատության են ենթարկելու»:
Մինչեւ միջադեպը նրանք եղել են ՀՀԿ գրասենյակի դիմաց եւ մասնակցել են բողոքի ցույցի ու հետո գնացել են ոտքով քայլելու:
«Մենք ՀՀԿ գրասենյակի մոտ էինք, բայց հետո մենք գնացինք Օպերա, այնտեղ ման եկանք, քայլեցինք, այնպես չէր, որ ուղիղ գնացել ենք տուն: Բայց որ հետեւել են, փաստ է, քանի որ չէին կարող տան մոտ նստել ու սպասել, կարող է ես երեք ժամից նոր տուն գայի, միանշանակ հետապնդել են, դա հաստատ: Հինգից-յոթ հոգի էին, ոչ պակաս»,- ասել է Հայկակ Արշամյանը:
Հավելենք, որ ծեծի ենթարկված երկու քաղաքացիներն էլ աշխատում են միջազգային հեղինակավոր, ոչ կառավարական կառույցներում: Եվ նրանք մասնակցում էին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքի ակցիաներին:
«Ես Երեւանի մամուլի ակումբում եմ աշխատում, Սուրենը՝ «Վորդ վիժնում»: Ես տեղի ունեցածը կապում եմ վերջին երեք օրվա սոցիալական ցանցերում եւ բողոքի ակցիաներին մեր մասնակցության հետ՝ մեր գործունեությամբ եւ ակտիվ մասնակցությամբ այս՝ Ռուսաստանի հետ դաշինքի եւ Սովետական Միության վերականգնման դեմ մեր պայքարին: Միայն դա է, քանի որ չունեմ թշնամիներ, քաղաքապետարանի դիմաց շարժման հետ էլ առանձնապես առնչություն չունենք»,-ասաց Հայկակ Արշամյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: