Բաժիններ՝

ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին հաջողվել է կոտրել օգտատերերի անձնական տվյալները պաշտպանող կոդավորման համակարգը

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին հաջողվել է կոտրել կոդավորման համակարգը, որը պաշտպանում է համացանցից օգտվող միլիոնավոր մարդկանց անձնական տվյալները, էլեկտրոնային նամակներն ու բանկային օպերացիաները:

Այս մասին են վկայել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը: Ընդ որում, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գոյություն ունեցող գաղտնագրերը կոտրել է ոչ միայն սուպեր համակարգիչների օգնությամբ, այլև՝ IT ընկերությունների և ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ գաղտնի համագործակցության շնորհիվ:

Թերթն ընդգծում է, որ Ազգային անվտանգության գործակալության հակածածկագրային տասնամյա ծրագիրը բեկում է գրանցել 2010 թվականին, երբ հատուկ ծառայությանը հաջողվել է հավաքել վիթխարի քանակությամբ տվյալներ: Ազգային անվտանգության գործակալության տարեկան բյուջեն կազմւմ է 250 միլիոն դոլար՝ համաձայն Սնոուդենի տրամադրած փաստաթղթերի:

Ազգային անվտանգության գործակալությունից բացի, հակածածկագրային մասնակցել է նաև բրիտանական հատուկ ծառայությունը՝ Կառավարական կապի կենտրոնը (Government Communications Headquarters, GCHQ), որը պատասխանատու է ռադիոէլեկտրոնային հետախուզության և պետական մարմինների տեղեկատվական պաշտպանության համար:

Թերթի պնդմամբ՝ GCHQ-ը մշակել է մեթոդներ՝ կոտրելու համար Hotmail-ով, Google-ով, Yahoo-ով և Facebook-ով անցնող կոդավորված տվյալները: Երեկ երեկոյան այս ամենի մասին հրապարակել են նաև ամերիկյան The New York Times և ProPublica պարբերականները՝ ընդգծելով, որ նյութը պատկանում է բրիտանական թերթին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս