
Սիրիայի դեմ ռազմական գործողությունում կարող են գործածվել ամերիկյան B-2 և B-52 ռազմավարական ռմբակոծիչներ

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի կառավարության դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողության ժամանակ կարող են գործածվել B-2 և B-52 ռազմավարական ռմբակոծիչներ: Այս մասին հեռուստաալիքին հայտնել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում:
Նա ընդգծել է, որ ռմբակոծիչների մասնակցությունը հանդիսանում է ռազմական օպերացիայի հնարավոր տարբերակներից մեկը, որոնք ներկայումս մշակվում են Պենտագոնի կողմից. «Հրթիռները կարող են հեշտությամ արձակվել ինչպես ինքնաթիռներից, այնպես էլ ռազմանավերից ու սուզանավերից»:
Դրա հետ մեկտեղ աղբյուրը բացառել է, որ ամերիկյան ռմբակոծիչները կարող են մուտք գործել Սիրիայի օդային տիրույթ: Հեռուստաալիքի պնդմամբ՝ դեռ վերջնականապես հստակեցված չէ, թե ինչպիսի ուժեր կներգրավվեն այդ գործողության մեջ: Չի բացառվում, որ այդ ռմբակոծիչներն աջակցություն ցուցաբերեն Միջերկրական ծովում գտնվող ամերիկյան էսկադրոնային ականակիրներին: