
ԱՄՆ-ին հայտնի է դարձել Սիրիայի համար Իրանի վրեժխնդիր լինելու պլանի մասին

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները որսացել են մի հաղորդագրություն, որում նշվել է, որ Իրանը պատրաստվում է հարձակում գործել Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա, եթե ԱՄՆ-ը ռազմական գործողություն սկսի Սիրիայի դեմ:
Ամերիկյան դեսպանատան վրա հարձակումը պետք է իրականացնեն Իրանին աջակցող իրաքյան զինված խմբավորումները: Պարբերականն ընդգծում է, որ այդ խմբավորումներին համապատասխան հրաման տվել էլիտար զորք հանդիսացող Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ղեկավարությունը:
Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ ամերիկյան դեսպանատան վրա հարձակում է պատրաստում նաև լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը: Վերջինիս թիրախում կարող է հայտնվել Բեյրութում ԱՄՆ ներկայացուցչությունը:
Ամերիկյան իշխանություններն արդեն իսկ նախապատրաստվել են դիվանագետների հնարավոր տարհանմանը: Այդ նպատակով ԱՄՆ-ն օգտագործելու է Կարմիր և Միջերկրական ծովերում կենտրոնացած իր նավերը:
Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարարը բացառել է Արևմուտքի կողմից Սիրիայում ռազմական միջամտության իրականացման դեպքում երկրի զինված ուժերի ուղիղ մասնակցությունը դրանում: