
Օբաման Պենտագոնից պահանջել է ավելացնել Սիրիայում դաշնակցային զորքերի թիրախների քանակը

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պենտագոնից պահանջել է ավելացնել ամերիկյան ու ֆրանսիական զորքերի թիրախների քանակը Սիրիայում, ինչպես նաև ուսումնասիրել այդ գործողությունում ավիացիայի ներգրավման հնարավորությունը: Այս մասին թերթին հայտնել է Սպիտակ տանը եղած նրա աղբյուրը:
Վերջինս ընդգծել է, որ խոսքը գնում է սիրիական 50 օբյեկտներից բաղկացած ցանկի ընդլայնման մասին, որը նախնականապես կազմել են ֆրանսիացի զինվորականները: Ընդ որում, անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար պլանավորված է զերծ մնալ այն վայրերին հարվածելուց, որոնցում ենթադրաբար պահվում է քիմիական զենք, որի օգտագործումն էլ հիմք է հանդիսացել ռազմական գործողության համար:
Դաշնակցային ուժերի թիրախում կարող են գտնվել սիրիական բանակի այն զորամասերը, որոնք պատասխանատու են քիմիական հարձակման համար, դա պլանավորած շտաբային ստորաբաժանումները, ինչպես նաև հարվածն անմիջականորեն հասցրած հրետանային ու հրթիռային մարտկոցները:
Բացի այդ, Սպիտակ տունն առաջին անգամ բարձրացրել է գործողությանն ամերիկյան ու ֆրանսիական մարտական ինքնաթիռների մասնակցության հարցը՝ կոնկրետ թիրախների խոցման համար: Ավելի վաղ պլանավորվել էր, որ Սիրիային հարվածներ կհասցվեն Միջերկրական ծովում տեղակայված ամերիկյան ռազմածովային խմբավորման թևավոր հրթիռներով: