Օգնեք ինձ վերականգնել իրավունքներս
Բաց նամակ ՀՀ նախագահ պրն Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ պրն Տիգրան Սարգսյանին
Երևան քաղաքի բնակչուհի, գործազուրկ Հ. Արշակյանից
Ականատես լինելով լրատվամիջոցների միջոցով արծարծված նմանատիպ դեպքերի դրական արդյունքին՝ որոշեցի դիմել Ձեզ:
02.03.2009թ. իմ աշխատավայրում՝ «Ռ և Վ կոմֆորտ» ՍՊԸ-ում, ինձ ստիպեցին աշխատանքից ազատման դիմում գրել, և ես ահա արդեն չորսուկես տարի է՝ գործազուրկ եմ: Նախապես տեղեկացնում եմ, որ «Ռ և Վ կոմֆորտ» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբիկ Շախմուրադյանը ջանքեր չի խնայել, արել է ամեն ինչ, որ իր թղթաբանական բոլոր գործարքները լինեն օրենքի սահմաններում, ինչպես ասում են՝ թղթերով ամեն ինչ լավ է։ Իրականում, սակայն, ինձ աշխատանքից ազատել են ոչ օրինական, և «Ռ և Վ կոմֆորտ» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբիկ Շախմուրադյանը ինձ մատնել է հարկադիր պարապուրդի:
Մեծարգո պարոն նախագահ, հարգելի վարչապետ, խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ իմ ձեռքով, սակայն ստիպողաբար գրած դիմումս համարելու անվավեր և վերականգնելու իմ 4 տարվա ստաժը (ինձ միայն 4 ամսվա ստաժ են հատկացրել), ինչպես նաև մինչև նոր աշխատանքի անցնելու ժամանակահատվածը բռնագանձելու հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի գումարը՝ առ այսօր մոտ 5 միլիոն դրամ։
Այսպիսի անօրինական մոտեցումներն են, որ մեր քաղաքացիներին ստիպում են լքել հայրենիքը և իրենց ապագան գտնել օտար երկրներում։
Գործատուն պետք է իր յուրաքանչյուր աշխատողի համար ափսոսա և հարգանք ունենա նրա հանդեպ, ոչ թե լինի Քաջ Նազարի նման, որ մին զարկի՝ ջարդի հազար։
Ահա այսպիսի մարդկային փոխհարաբերությունների մեծ պահանջարկ ունի մեր հասարակությունը։