Աբովյան. գեղեցիկ քաղաքի կեղտոտ կողմերը (լուսանկարներ)
Աբովյան քաղաքը հանրապետության եզակի, կանաչապատ ու գեղեցիկ քաղաքներից է:
Նորակառույց Սուրբ Հովհաննեսի անունը կրող եկեղեցին զարկ տվեց զբոսաշրջիկների, նոր մարդկանց այցելությանը դեպի Աբովյան:
Քաղաքը, սակայն, նախկինի պես այսօր էլ ունի համապատասխան քանակության աղբամանների խնդիր: Տասնյակ մետրերով կարելի է քայլել քաղաքում և ոչ մի աղբաման չգտնել: Սովորաբար աղբամանները կանգառներում են լինում և, որպես կանոն, լցված վիճակում: «Երեխայիս հետ քայլում եմ ու մի աղբաման չեմ գտնում աղբը թափելու համար: Ստիպված պայուսակումս եմ պահում կամ ձեռքումս, որ հասնեմ տան աղբարկղում նետեմ: Չեմ կարծում, որ աղբամաններ ունենալը մեծ գումարների հարց է, և չենք կարող մեզ այն թույլ տալ: Ուզո՞ւմ եք՝ կարող ենք գնանք ու կտեսնեք, եթե անգամ աղբաման կա, ապա օրերով , ամիսներով աղբը չի թափվում ու շուրջն է աղտոտվում»,- ասում է աբովյանաբնակ Նաիրա Հովհաննիսյանը:
Խնդիրը, սակայն, միայն աղբամանների քանակով չի կարող լուծվել: Կարևոր է նաև քաղաքացիների գիտակցությունը: Հատկապես երեկոյան ժամերին շրջելիս կարելի է տեսնել մարդկանց, ովքեր արևածաղկի սերմ են «չրթում» և աղտոտում միջավայրը: «Ես հաճախ եմ տեսնում երիտասարդ, գեղեցիկ աղջիկների, տղաների, ովքեր տոպրակով արևածաղիկ են չրթում, թքում: Էլ չեմ ասում պատկառելի տարիքի մարդկանց մասին: Ամոթ է, էլի, ախր քաղաքն էլ է, չէ՞, մեր տունը: Մի անգամ մոտեցա մի տղայի, ասում եմ՝ խի՞ ես աղտոտում՝, ասում է՝ լավ եմ անում, մի հատ աղբաման չկա, հո ժամերով ձեռքս չե՞մ պահելու»,- ասում է մեր զրուցակից Մեսրոպ պապիկը: