Apple-ը սկսել է հին iPhone-ների փոխանակումը նոր սարքերով
Apple ընկերությունը ԱՄՆ-ում սկսում է օգտագործված, հին սմարթֆոնները հավելյալ վճարով նորերի հետ փոխանակելու գործընթացը: Այս մասին հայտնում է newsru.com-ը` նշելով, որ փոխանակումը դեռևս կատարվում է ԱՄՆ-ում գործող որոշ խանութներում:
Ամերիկյան մամուլի համաձայն, ծրագիրը գործում է հետևյալ սկզբունքով: Օգտագործողը բերում է հին iPhone-ը Apple-ի ֆիրմային խանութ, որտեղ այն հատուկ փորձարկում է անցնում, որից հետո, եթե ամեն ինչ նորմալ է տվյալ սարքի հետ, ապա դրա սեփականատիրոջը որոշակի չափով վարկ է տրամադրվում, որը նա կարող է օգտագործել նոր սմարթֆոնի գնման համար:
Ըստ Bloomberg-ի` առավելագույն արժեքը, որի դիմաց Apple Store-ն ընդունում է սմարթֆոնը, կազմում է 280 դոլար:
Նշենք, որ նմանատիպ փոխանակման ծրագրեր ունեն նաև ամերիկյան և եվրոպական հայտնի վերավաճառողներն ու օպերատորները։ Տեղեկացնենք, որ, ըստ տարբեր աղբյուրների՝ շուտով ընկերությունը կներկայացնի հաջորդ սերնդի iPhone-ը, որը նախատեսված է սեպտեմբերի 10-ին։
Գլխավոր ինտրիգը, սակայն, մնում է այն, թե ո՞ւր են անհետանալու արդեն օգտագործված սարքերը: Ըստ որոշ աղբյուրների՝ հանձնված սարքերին երկրորդ կյանք է սպասվում: