Վկա. «Ես հասկացա, որ այդ խուցը վերանորոգել եմ, որ հետո թանգով ծախեն»
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի գործով այսօր հարցաքննվեց վկա, դատապարտյալ Արտակ Հակոբյանը: Նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման խուլիգանության և դանակահարության համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ կայքի՝ Մուրադյանի պաշտպան Սեյրան Գրիգորյանը միջնորդել է վկային հարցաքննությունն անցկացնել դռնփակ՝ հայտարարելով, որ վկայի հարցաքննության ընթացքում հնարավոր է պետական գաղտնիք բացահայտվի: Դրան ի պատասխան մեղադրողը նկատել է, որ եթե պետական գաղտնիք է, այդ պարագայում ոչ ոք չի կարող տեղեկանալ, այդ թվում, թե՛ դատախազը, թե՛ դատավորը և թե՛ ինքը՝ պաշտպանը:
Այնուամենայնիվ դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և դահլիճում ներկաներին խնդրեց դուրս գալ, միաժամանակ հավելելով, որ հեռու չգնան, հնարավոր է, քիչ անց նորից վերադառնան: Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանակումը 5 րոպե անց ավարտվեց, և դատավորը դատական կարգադրիչի միջոցով դատարանի միջանցքում սպասողներին ներս կանչեց:
Վկան պնդել է նախաքննական մարմնին տված իր ցուցմունքները: Նա հայտնել է, որ երբ իրեն «Գորիս» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ինքը գտնվել է 57-րդ խցում, որից 2-3 ամիս անց ծանոթացել է Դավիթ Մուրադյանի հետ, ով իրեն առաջարկել է վերանորոգել 4-րդ խուցը և տեղափոխվել այնտեղ:
ՔԿՀ-ում վկայի համար արտոնյալ պայմաններ են ստեղծել, կրել է ոսկյա զարդեր, տեսակցություններ են տրամադրվել կնոջ հետ, ինչպես նաև «Դատապարտյալների հիվանդանոց»-ում է գտնվել, և այս ամենը Մուրադյանի միջնորդությամբ, նշում է վկան և հավելում՝ գումարի դիմաց:
Վկան նշել է, որ Մուրադյանն իրեն առաջարկել է 4-րդ խուցը վերանորոգել, այնտեղ մնալ մինչև իր վաղաժամկետ ազատ արձակվելու հարցը կլուծի, «ես հասկացա, որ այդ խուցը վերանորոգել եմ, որ հետո թանգով ծախեն»,- ասել է վկան:
Հարցի հետ կապված վկան նաև ընդգծեց, որ այդ խուցը վերանորոգելով՝ կարծել է, թե իրեն խրախուսական բնութագիր կտան: Դատարանի այն հարցին, թե արդյո՞ք հնարվոր չէր գումարի դիմաց սոցիալ-հոգեբանը իրեն խրախուսական բնութագիր տար, վկան չառարկեց, ասաց. «Դա ևս տարբերակ է»:
Ա.Հակոբյանը նշեց նաև, որ իր վաղաժամկետ ազատ արձակվելու համար Մուրադյանին տված գումարները, սկզբում 10 000 ԱՄՆ դոլարը, այնուհետև՝ 4000 ԱՄՆ դոլարը Մուրադյանը ետ է վերադարձրել: Ըստ վկայի, Մուրադյանի տան կահույքն ինքը ևս պատվիրել է իր վաղաժամկետ ազատ արձակվելու հարցը լուծելու նպատակով:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: