Այսօր Հայաստանի և Արցախի միասնական քարտեզի օրն է
Սեպտեմբերի 3-ը Մայր Հայաստանի և Արցախի միասնական քարտեզի օրն է: Օրվա կարևորության մասին այսօր` սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը` նշելով, որ այս ուղղությամբ արդեն իսկ բավական աշխատանք է կատարվել:
Ըստ բանախոսի` տեղեկատվական պայքարն ամենօրյա պայքար է, որն սկսվել է անհատների մակարդակով, որովհետև շատերը վախ ունեին, որ «վերևներից» որևէ դիմադրություն կլինի, սակայն իրականում ամեն ինչ նորմալ էր, և նման որևէ բան չեղավ: Ըստ բանախոսի` շատերին է հետաքրքրում, թե ինչու «վերևներում» չեն կիրառում այդ միասնական քարտեզը, այլ առանձին քարտեզն են օգտագործում: Տ. Քոչարյանի կարծիքով՝ դա, թերևս, նաև դիվանագիտական ինչ-ինչ նկատառումերով է արվում: Ըստ բանախոսի՝ ամեն ինչ սկսել է 4 տարի առաջ, երբ քարտեզներ գնեցին քարտեզագրության ինստիտուտից, որտեղ պատկերված էր ճիշտ քարտեզը: «Այս շարժմանը բավականին շատ մարդիկ են մասնակցել, ովքեր սխալ քարտեզի վրա ուղղումներ էին կատարում, սակայն առաջին կես տարում որևէ փոփոխություն չնկատվեց: Հետո հասկացանք, որ պետք է նպատակային աշխատել, և նկատվեցին առաջին փոփոխությունները»,- ասաց նա:
Այս հարցում կարևոր քայլերից մեկը, ըստ փորձագետի, այն էր, որ առաջին անգամ ԱԼՄ հեռուստաընկերությունն այդ քարտեզը ցուցադրեց, հետո նաև որոշ թերթեր ու կայքեր սկսեցին տեղադրել Մայր Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը: Տ. Քոչարյանի համոզմամբ՝ Ադրբեջանի համար Հայաստանը արևմտյան Ադրբեջան է, և իրենց դասագրքերի քարտեզներում Հայաստանը գրեթե չկա կամ այնպիսի պատկեր ունի, որ ավելի լավ է՝ չլիներ: Բանախոսի կարծիքով՝ Ճիշտ քարտեզը կարևոր է վիզուալ առումով, որպեսզի մարդու աչքը տեսնի, այլապես եթե դու հոգեբանորեն պատրաստ ես որևէ տարածք զիջել, ապա դու այն կզիջես նաև ֆիզիկապես:
Տ. Քոչարյանը նշեց, որ իրենք այս ընթացքում դրական շատ արդյունքների են հասել և առաջիկայում փորձելու են հայտնի որոնողական համակարգերում` Google, Bing և այլն, ճիշտ քարտեզը որպես որոնման արդյունք ցուցադրելու լուծումը գտնել: