
Մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը

Երեւանում այսօր մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանը: Ըստ տեղեկությունների` նա հիվանդ էր քաղցկեղով, եւ հենց դա էլ եղել է մահվան պատճառը:
Լևոն Անանյանը ծնվել է 1946թ. Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ-ին` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1975 թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։
1992 թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ և մինչ օրս ղեկավարում էր այն։
168.am-ի խմբագրակազմը ցավակցում է Լեւոն Անանյանի հարազատներին եւ մերձավորներին: