Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Հայրապետական Մեր օրհնությունը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով և շնորհավորում կրթական հաստատությունների բոլոր մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին:
Սիրելիներ, տոնական այս օրը դիմավորում ենք ուրախ սրտով ու բարի ցանկություններով: Վստահ ենք, որ մեր նվիրյալ ուսուցիչների և կրթության բարի մշակների ջանքերով մեր զավակների համար, ուսումը, գիրքն ու ընթերցումը դառնում են կյանքի լուսատու կանթեղները: Ուսանեք սիրով, քանի որ սուրբգրային խոսքով` խելացի սիրտը ձեռք է բերում իմացություն, և իմաստունների ականջները փնտրում են ուսանելի խորհուրդներ:
Մեր հայցն ու աղոթքն է առ Բարձրյալ Տերը, որ աստվածային երկնառաք Իր օրհնությամբ արգասավորվի նոր ուսումնական տարին, և մեր զավակները ջանադրությամբ ամեն ժամ բազմապատկեն իրենց գիտելիքները, որպեսզի իմացությամբ զորացած կարողանան լավագույնս ծառայել մեր Հայրենիքին և Սուրբ Եկեղեցուն»: