Հիմնադրամի 240 մլն դրամը հավասարապես կբաշխվի կարկուտից տուժած 6000 ընտանիքների միջև
alttv.am –ի փոխանցմամբ` կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին օգնությունների հատկացման գործընթացը դեռ շարունակվում է: Այս անգամ հերթը ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամի գումարների բաշխմանն էր: Արմավիրի մարզպետարանում այս կապակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ԱԺ նախագահին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նախ ներկայացրեց մինչ օրս հատկացված օգնությունների ցանկը, ապա անդրադարձավ հիմնադրամի գումարների բաշխման գործընթացին: Կարկուտից տուժած 12 հազար գյուղացիական տնտեսություններից հիմնադրամի գումարը կհատկացվի 6000 ընտանիքների, որոնք մինչ օրս որևէ օգնությունից չեն օգտվել:
Ալեքսան Պետրոսյանն էլ վստահեցրեց, օգնություններ հայթայթելու տարբերակներ դեռ կմաշկվեն, իսկ հիմնադրամում կուտակված 240 մլն դրամը 12 հազար ընտանիքների բաշխելով շոշափելի օգնություն չէր գրանցի, 6000 ընտանիքի դեպքում յուրաքանչյուրին 40 000-ական դրամ կհասնի, որը գոնե մեկ նպատակի կծառայեցվի: ԱԺ պատգամավորն իր ներողամտությունը հայցեց մյուս 6000 ընտանիքներից և հույս հայտնեց, որ տարիների ընթացքում ամեն ինչ կարվի այդ ընտանիքներին աջակցելու համար: Նշենք, որ կառավարությունը կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին փոխհատուցեց ոռոգման ջրի վարձը, հողի հարկը, տրամադրեց սերմնացու և դիզվառելիք, միջոցներ հատկացրեց մարզում ևս 50 հակակարկտային կայան տեղադրելու համար: Տարատեսակ օգնություններ հատկացվեց նաև Կարմիր խաչի, Հայ Առաքելական եկեղեցու և տարբեր կազմակերպությունների կողմից: