«Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրի մենեջերը մեղադրվում է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվում է քաղաքացի Ն. Ծ.-ի գործով դատաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Ն. Ծ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009-ից որպես մենեջե՝ր աշխատելով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան 16 հասցեում գործող «Կարեն Հակոբյան» ՍՊ ընկերությանը պատկանող «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում, մինչև 2013 թվականի մայիսի 17-ը նպաստել է Վ. Գ.-ի, Մ. Ք-ի, Ն. Ռ.-ի, Հ. Կ.-ի, Ռ. Է.-ի, Վ. Բ.-ի, Մ. Դ.-ի, Ա. Վ.-ի, Ռ. Ա.-ի, Ն. Մ.-ի և Ա. Գ.-ի պոռնկությամբ զբաղվելուն։
Ամբաստանյալ Ն. Ծ.-ի նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. նա գտվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, երկու կամ ավելի անձանց օգտագործելով պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա):