Մենք նույն բանակի տարբեր ստորաբաժանումներ ենք. Լ. Զուրաբյանը՝ քաղաքացիական խմբերի մասին

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ողջունում է Հայաստանում ծավալվող բոլոր քաղաքացիական խմբերի պայքարը: Այս մասին այսօր ՀՀ դատախազության առջև տեղի ուենցած ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ քաղաքացիական պայքարը օրեցօր թեժանում է, ապա ավելարցրեց. «Բնական է ոստիկանության ջղաձգումները, որովհետև ռեժիմը հասկանում է, որ պայքարը իրենց վերահսկողության տակից դուրս է գալիս»:

Լ. Զուրաբյանն անդրադարձավ նաև տեսակետներին, թե քաղաքացիական պայքարը չպետք է քաղաքականացնել. «Բան չունեմ սրանց դեմ, առավել ևս, երբ մարդիկ նման տեսակետներից հետո զբաղվում են ազնիվ պայքարով: Բայց պետք է հասկանալ, որ ոչ մի քաղաքական կամ քացաքացիական խումբ, որը պայքարում է մեր իրավունքների համար, ժողովրդավարության հաստատման համար, մրցակից չէ մյուս խմբին: Մեր գիտակցությունից պետք է հանել այդ միտքը, թե այս պայքարում մրցակիցներ ենք: Մենք բոլորս դաշնակից ենք, ոչ թե մրցակից` նույն ճակատում ենք: Ով կարողանում է իշխանության հարված վերցնել իր վրա, կատարում է ընդհանուր գործը: Մենք նույն բանակի տարբեր ստորաբաժանումներ ենք: Հենց հասկանանք այս ճշմարտությունը, հաղթելու ենք ռեժիմին: Որովհետև տեսնելով, որ ամեն քայլափոխին իրենց դեմ մարդիկ են դուրս գալիս, կորցնում են վերահսկողությունը` չեն հասկանում` որ խմբին ճնշեն, որ մեկի հետ պայքարեն: Սա է հաջողության բանալին»:

Նա շեշտեց, որ իրենք կանգնելու են այն բոլոր պայքարողների կողքին, ովքեր ազնիվ են, ճնշում են իշխանությանը. «Կարող է հանրահավաքին չմիանանք, բայց օգնելու ենք` հարցերին հասարակական հնչեղություն տալով, ԱԺ-ում հարցը բարձրացնելով… Միավորված պայքար պետք է լինի, իսկ դա չի նշանակում, որ բոլորս պետք է հավաքվենք Ազատության հրապարակում, թեև դա էլ է լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս