Արամ Մանուկյան. Ոչ մի բան չկա, միայն ծեծուջարդ կա
«Հայաստանը գլորվում է, արագ թափով հետ է գլորվում: Ոչ մի բան չկա` ոչ կրոն, ոչ գիտություն, ոչ արդարադատություն, ոչ ժողովրդավարություն, ոչ ազատ շարժ… ոչ մի բան: Ծեծուջարդ միայն»,- այսօր Դատախազության առջև հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ ոստիկանները մահակ օգտագործում են «կիվիրյանների, ջահելների, կանանց, աղջիկների նկատմամբ» և ցուցաբերում «լկտիություն». «Լկտիության էսքան դոզա չէր եղել` գնալով ավելանում ա սրանց դոզան: Լկտիանում, ցինիկանում են, որովհետև ցինիկ ա իրենց վերևինը: Ցինիկ ա դատախազը, ՆՎԴ-ի նախարարը, նախագահը: Բոլորի թույլտվությամբ ա շարքային ոստիկանը իրան լկտի պահում, գայիշնիկը, ԺԷԿ-ի աշխատողը, չինովնիկը… իրենց վերևից թույլատրված ա` լկտի լինել: Ո՞վ ա Լֆիկը, որ Երևանի կենտրոնում մշակութային արձան ա ավիրում: Ու չկա Սերժ Սարգսյան, որ կանգնեցնի էս ընթացքը: Չկա, որովհետև էս մարդկանց նպատակը միակն է` հիասթափեցնել, կոտրել թևերը»:
Արամ Մանուկյանը խոստովանեց, որ ինքը ժամանակին մտածել է, թե գուցե իշխանությունը ցանկություն ունի փոխելու իրավիճակը, բայց «բանից պարզվում ա, որ ոչ թե չեն կարող, այլ` չեն ուզում իրանց համար լավ լինի»: Նա անդրադարձավ նաև փողոցներում տեղադրված արագաչափերին և նշեց, թե մարդիկ հարգանքով են վերաբերում, երբ իմանում են, որ իրենց հատկացրած գումարը գնում է պետական բյուջե: Սակայն, պատգամավորի խոսքով՝ ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի միլիոնավոր գումարներ, երբ դրանք գնում են մեկի գրպանը. «Սերժի շրջապատի չորս-հինգ հոգու լափելու դաշտն է սա»: Նա նկատեց, որ սեպտեմբերը կլինի հասարակական-քաղաքական ակտիվության շրջան, որովհետև մարդկանց «կոկորդներին» է հասել:
Ըստ Արամ Մանուկյանի` քաղաքացիները թանկացումներից կխեղճանան, բայց կխեղճանան նաև ոստիկանները, որոնք մահակ են օգտագործում երիտասարդ ակտիվիստների դեմ: «Էս խեղճ հայվանները իրենց 80.000 դրամի պատճառով մարդ են ծեծում` լալկվել են, որովհետև եթե չծեծեն` չեն ստանա ու սովից կսատկեն: Մի օր պայթելու են` պայթելու են չինովնիկը, պետական աշխատողը ու գարշանք է տարածվելու»:
Նա անդրադարձավ նաև արտաքին քաղաքական խնդիրներին՝ ասելով, թե արտաքին աշխարհի նկատմամբ Հայաստանն անորոշություն ունի: «Ես երաշխավորված հայտարարում եմ` այս իշխանությունները չգիտեն` Ասոցացման պայմանագիրը ստորագրելո՞ւ են, թե՞ ոչ: Իշխանությունը բացարձակ չի հաստակեցրել ՌԴ-ի հետ հարաբերությունները, որովհետև ժուլիկ են. Հայաստանը հստակ բաց խաղ չի խաղում ՌԴ հետ, հստակ բաց, թափանցիկ խաղ չի խաղում Եվրոպայի հետ: Ժուլիկությամբ բոլորին փորձում են խաբել, ֆռռացնել, ժամանակ շահել, որովհետև օրը մլն է իր համար»: