Արամ Մանուկյան. Այ նախարար Արմեն Աշոտյան, անունդ ոչուփուչ լինի, ինչի՞ համար ես ուսանողների գումարը ավելացնում
«Հայաստանում տեղի է ունենում մի գործընթաց, երբ բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները կամաց զգում են, որ խնդիրը քաղաքական է, կամաց զգում են, որ միասնությունն է միակ լուծումը»,- քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ՀԱԿ ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ ավելացնելով, թե հասարակությունն էլ հասկանում է, որ «կտոր-կտոր շարժումները» ոչնչի չեն բերելու:
«Լավ է, որ բոլոր շարժումներն իրենց ելույթներում սկսում են քաղաքական էլեմենտը, պահանջները շատացնել: «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագրով, ուզում եմ ամփոփել մի երկու բան: Սերժ Սարգսյանի էս վերջին վեց ամսվա իշխանության ընթացքում օր չի եղել, որ անհաջողություն կամ փորձանք այս երկրում չգրանցվի: Ամեն ինչ արվում է մի քանի խմբի, գողերի կողմից` Հայաստանը թալանելու համար: Երևակայություն է պետք՝ մտածելու թալանի միջոցներ, ինչպիսիք իրենք գտնում են` կարմիր գծերի պատմությունը, տրանսպորտի, գազի ու ընդհանրապես կյանքի թանկացումը»:
Արամ Մանուկյանի խոսքով` այս վերջին վեց ամսվա ընթացքում 9 տոկոսով կյանքը թանկացել է: Նա անդրադարձավ նաև ուսման վարձավճարների թանկացմանը. «Ո՞ւմ համար է թանկանում, ո՞ր ծառայության համար: ԵՊՀ-ն 1 տարվա մեջ ՀՀԿ երիտասարդական հիմնադրամին փոխանցել է 100 մլն դրամ` 250.000 դոլար: Հարցնող լինի` ինչի՞ համար. որ էն լակոտները, որ «Բազե» են խաղում, Հանրապետական են խաղում, որոնք ջիպեր են քշում, տուն են առնում, տուն են վաճառում, բիզնես են դնում, երկրի հերն են անիծում, ոստիկան են դառնում… իրենց են ֆինանսավորո՞ւմ: Այ նախարար Արմեն Աշոտյան, անունդ ոչուփուչ լինի, ինչի՞ համար ես ուսանողների գումարը ավելացնում, որ հանրապետականի ջահել-ջուհուլին կերակրե՞ս, բազեներ մեծացնե՞ս, որ կոմսոմոլիկներ ու պիոներիկներ մեծացնե՞ս: Ասում եք դասախոսի վարձը քիչ է, դրա համար եք թանկացնում, հա, խայտառակ քիչ է, բայց քիչ կերեք՝ տվեք դասախոսին»:
ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ Հայաստանում գիտություն էլ չկա, որովհետև «մարդ չկա», որ գիտությունից հասկանա. «Սերժը ի՞նչ հասկանա, Ռոբը ի՞նչ հասկանա… Արմեն Աշոտյանի փտած գլխում պտտվում է, որ ասպիրանտուրան բանակից ազատվելու միջոց ա: Նախարարի խելքը էնքան չի հասկանում, որ մտածի, որ դա գիտնական պատրաստելու դարբնոց է»: