
Փլուզում Գյումրիում. կա տուժած

tsayg.am-ի փոխանցմամբ՝ Գյումրիում օգոստոսի 29-ին, ժամը 19-ի սահմաններում փլուզում էր գրանցվել, ինչի հետևանքով Օզանյան 1 շենքի առաջին մուտքի 3-րդ հարկի 17-րդ բնակարանի բնակիչ, 1955 թվականին ծնված Էդիկ Բաղդասարյանը տեղափոխվել էր Գյումրի Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Ըստ տուժած Էդիկ Բաղդասարյանի տղայի, հայրն այդ հասցեում նախկինում է բնակվել, շենքն հիմա ունի 4-րդ աստիճանի վթարայնություն, և որևէ մեկը չի ապրում: Հայրն ընդամենը գնացել էր նախկին տնից որոշ իրեր տեղափոխելու և դեպքը տեղի է ունեցել:
Փլուզվել է 3-րդ հարկի հատակն ու 58-ամյա Էդիկ Բաղդասարյանը փլվածքի հետ հասել է մինչ առաջին հարկ: Տուժածը Գյումրի բժշկական կենտրոն օգոստոսի 29-ին ընդունվել էր ծանր վիճակով, տրավմատիկ շոկով: Ըստ կենտրոնի պատասխանատու հերթապահ բժիշկ Հրանտ Պալոյանի, Էդիկ Բաղդասարյանի մոտ ընդունման պահին ախտորոշվել էր կրծքավանդակի սալջարդ, կողերի կոտրվածք:
Կրկնակի հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ տուժածի մոտ առկա է եղել կրծքավանդակի և կողերի կոտրվածք ձախից, եղել է նաև արյան կուտակում կրծքավանդակի խոռոչում: Համապատասխան բժշկական միջամտությունից հետո Էդիկ Բաղդասարյանի առողջական վիճակը բարելավվել է: Ըստ մասնագետի, տուժածը վերակենդանացման բաժանմունքից օգոստոսի 30-ին տեղափոխվել է ընդհանուր պալատ:
Նշենք նաև, որ օգոստոսի 29-ին, ժամը 19:14-ին 1-03 ճգնաժամային կենտրոնից ստացված ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր են շտապել ԱԻՆ ՇՄ փրկարարական վարչության ներկայացուցիչները, հրշեջ փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ, Գյումրու ոստիկանության և քաղաքապետարանի աշխատակիցները:
Տարածքը ներկա պահին ժապավենապատվել է, հարակից տների բնակիչների հետ, ըստ ՇՄ Փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Մարտին Մկոյանի, տարվել են բացատրական աշխատանքներ, որպեսզի հեռև մնան վթարավտանգ և ամեն պահի փլուզման ենթակա կառույցից, ինչպես նաև չփորձեն քանդել ու հանել փայտե կառուցատարրերն ու այլ շինանյութեր:
Դիտեք տեսանյութը: