Տեղեկատվություն՝ բռնություն գործադրելու վերաբերյալ ակտիվիստներից ստացված հաղորդումների վերաբերյալ
2013թ. օգոստոսի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի մոտ անցկացված հավաքի քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակվել է նամակ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, որում բարձրացված հարցադրումների կապակցությամբ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է.
Երևան քաղաքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող հավաքների մասնակիցների և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ 2013թ. օգոստոսի 28-ի դրությամբ ստացվել են 9 հաղորդում-ահազանգեր, որոնցից 1-ով արդեն իսկ հարուցված է եղել քրեական գործ և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարվում է նախաքննություն, 1 դեպքով նույն ծառայությունում նյութերի նախապատրաստումը շարունակվում է, իսկ 7 հաղորդում-ահազանգերի քննարկումը կատարվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում:
Մեղավոր անձանց ի հայտ բերելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու և դեպքերի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարություն է տրվել ոստիկանության մարմիններում նախապատրաստվող` ոստիկանության ծառայողներին վերագրվող ապօրինի գործողությունների մասին հիշատակումով բոլոր նյութերն անհապաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ փոխանցելու մասին:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ներկայացվում է համառոտ տեղեկատվություն 2013թ. օգոստոսի 27-ի դրությամբ ստացված հիշյալ 9 հաղորդում-ահազանգերի քննարկման ընթացքի վերաբերյալ:
Երևան քաղաքի Գ. Լուսավորիչ փողոց (Երևանի քաղաքապետարան)
1. 2013թ. օգոստոսի 1-ին` ժամը 12.45-ին, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ոստիկանները ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված իրավախախտում կատարելո` Երևան քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցում հասարակական կարգը վերականգնելուն ուղղված ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով ձերբակալել են Արգիշտի Կիվիրյանին, ինչի կապակցությամբ կազմվել է վարչական ձերբակալության մասին արձանագրություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Կիվիրյանը բացատրություն է տվել, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել ապօրինի՝ բռնի ուժ գործադրելով և մարմնական վնասվածքներ պատճառելով:
Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Արգիշտի Կիվիրյանի մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ աջ բազկի արյունազեղումների, աջ արմնկահոդի, աջ նախաբազկի, աջ ազդրի, սրունքների քերծվածքների, աջ բազկի և աջ ազդրի ճանկռվածքների ձևով, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:
2013թ. օգոստոսի 16-ին նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
2. 2013թ. օգոստոսի 25-ին քաղ. Միհրան Մարգարյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 01.35-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցում` «Արարատ» հյուրանոցի դիմաց, արական սեռի մոտ 7 անձինք ծեծի են ենթարկել իրեն և ընկերոջը` Բաբկեն Տեր-Գրիգորյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ, իրեն` քթի և մեջքի շրջաններում, իսկ ընկերոջը` մեջքի, ոտքի և ձեռքերի շրջաններում:
Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Միհրան Մարգարյանը հրաժարվել են կատարված դեպքի վերաբերյալ բացատրություններ տալուց` պատճառաբանելով, որ բացատրություններ կտան ավելի ուշ` փաստաբանի ներկայությամբ:
2013թ. օգոստոսի 25-ին որոշումներ են կայացվել Բաբկեն Տեր-Գրիգորյանի և Միհրան Մարգարյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում զննվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի կրիմինալ դեպքերի գրանցման մատյանը, համաձայն որի Բաբկեն Տեր-Գրիգորյանի մոտ արձանագրվել է «կրծքավանդակի սալջարդ, աջ սրունքի փափուկ հյուսվածքային սալջարդ» մարմնական վնասվածքներ, իսկ Միհրան Մարգարյանի մոտ` «կրծքավանդակի սալջարդ, քթի սալջարդ» մարմնական վնասվածքները:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության Կենտրոնականի բաժնի ՔՀ բաժանմունքի աշխատակիցներին` ձեռնարկելու համապատասխան օպերատիվ-որոնողական միջոցառումներ` հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
3. 2013թ. օգոստոսի 24-ին քաղ. Ռուզաննա Գրիգորյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19.00-19.30-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի բակում ոստիկաններն առանց օրինական հիմնավորման խոչընդոտել են իր ազատ տեղաշարժման իրավունքը եւ թույլ չեն տվել բարձրանալ քաղաքապետարանի աստիճանների վրա: Այնուհետև, առանց ծանուցման և հիմնավորման՝ ոստիկանները, քաշքշելով, իրեն վնասվածքներ հասցնելով, հորիզոնական վիճակում տեղափոխել են ոստիկանական մեքենա, որի հետեւանքով իրեն պատճառվել են մարմնական վնասվածքներ՝ ձեռքերի և ոտքերի շրջանում, տաբատը պատռվել է, բերման է ենթարկվել առանց կոշիկների:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստված նյութերն օգոստոսի 28-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
4. 2013թ. օգոստոսի 25-ին քաղ. Մկրտիչ Տոնոյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 22.20-ի սահմաններում, Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի վերջնամասում իրեն են մոտեցել երեք անծանոթ երիտասարդներ, մեղադրել իրենց ծնողների համար խնդիրներ ստեղծելու մեջ, սպառնացել, որ այլևս չերևան քաղաքապետարանի դիմացի ակտիվիստների մոտակայքում, որից հետո նշված անձանցից մեկը ձեռքով հարվածել է դեմքին ու աջ ձեռքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում Մկրտիչ Տոնոյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2013թ. օգոստոսի 25-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ անցնելիս տեսել է իր ծանոթ լրագրող Թեհմինե Ենոքյանին, որի հետ շուրջ 20 րոպե զրուցելուց հետո շարունակել է ճանապարհը: Հաղթանակ կամրջի ձախ կողմում գտնվող հատվածում իրեն են մոտեցել 3 երիտասարդներ, որոնցից 2-ն եղել են սպորտային կազմվածքով ու համազգեստով, իսկ նրանցից մեկի աջ ձեռքը կապված է եղել սպիտակ վիրակապով: Վերջիններս իրեն սպառնացել են իրենց հայրերի համար խնդիրներ ստեղծելու մեջ ու հարցրել, թե արդյոք հանդիսանում է քաղաքացիական ակտիվիստ, թե ոչ: Բացասական պատասխան ստանալով` փորձել են իրեն տանել կամրջի աստիճաններով ներքև, սակայն մերժելուց հետո, նրանցից մեկը հարվածել է իր դեմքին և պատճառել մարմնական վնասվածք, որից հետո նրանք դիմել են փախուստի: Դրանից հետո ոտքով վերադարձել է Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ և տեղում գտնվող ոստիկաններին խնդրել իրեն ուղեկցել ոստիկանության բաժանմունք` հաղորդում տալու համար: Միջադեպը տևել է շուրջ մեկ րոպե, անցորդներ չեն եղել: Իրեն հարվածողին նկարագրել չի կարող, քանի որ դա արագ է տեղի ունեցել: Արտաքինով լավ հիշում է նրանցից մեկին, իրեն թվում է, որ նրան տեսել է ինչ-որ տեղ` ոստիկանների մեջ:
2013թ. օգոստոսի 25-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն :
Հանձնարարություն է տրվել ոստիկանության Կենտրոնականի բաժնի ՔՀ բաժանմունքի աշխատակիցներին` ձեռնարկելու համապատասխան օպերատիվ-որոնողական միջոցառումներ հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
5. 2013թ. օգոստոսի 24-ին քաղ. Արսեն Օհանյանը ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19:30-ի սահմաններում, գտնվել է Երևանի քաղաքապետարանի մուտքի դիմացի մայթեզրին, որտեղ մի խումբ անձանց կողմից կազմակերպվել է երթուղային տրանսպորտի ուղևորային վճարի թանկացման հետ կապված բեմականացում: Այդ ընթացքում ոստիկանության 2 աշխատակիցներ մոտեցել են իրեն և առանց նախազգուշացման ոլորել ձեռքերը, բռնել պարանոցից` պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Արսեն Օհանյանը բացատրություն է տվել, որ իրեն բերման են ենթարկել «հրեշտակների» համազգեստով ոստիկանները, որոնց անուններն ու կոչումները չի հիշում: Նրանցից մեկը բռնել է իր աջ ձեռքից, իսկ մյուսը, իջեցնելով գլուխը, նստեցրել ավտոմեքենան և իր նկատմամբ բռնի ուժ կիրառել: Արսեն Օհանյանը հերքել է այն հանգամանքը, որ ինքը պառկած է եղել փողոցի երթևեկելի հատվածում: Պահանջել է պատասխանատվության ենթարկել իր նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:
2013թ. օգոստոսի 24-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության մարմնին հանձնարարություն է տրվել դեպքի իրական հանգամանքները պարզելու և ականատեսներ հայտնաբերելու վերաբերյալ:
Նախապատրաստված նյութերն օգոստոսի 28-ին ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Երևան քաղաքի Կոմիտասի 5
1. 2013թ. օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում, ապա նաև բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս` նույն փողոցի երթևեկելի մասն ազատելու մասին ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՃՈ ավտոմեքենայով Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ժամանակ վերջինս հայհոյել է, բռունցքով հարվածել աջ թևի նախաբազկին, այնուհետև կծել այն` պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ 2013թ. օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նույն դեպքով նյութերի նախապատրաստման ժամանակ Արգիշտի Կիվիրյանը հայտարարել է, որ ոստիկանության աշխատակիցներն են իրեն ավտոմեքենայի մեջ հայհոյանքներ տվել, ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վահան Վրթանեսյանի և Արգիշտի Կիվիրյանի ստացած մարմնական վնասվածքների աստիճանը որոշելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
2013թ. օգոստոսի 26-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար:
2. 2013թ. օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողներն Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկից ճանապարհատրանսպորտային երթևեկությունը խաթարելու և հակաօրինական գործողությունները դադարեցնելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու համար ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել քաղ. Եղիա Ներսեսյանին, ում վերաբերյալ կազմվել է վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում Եղիա Ներսեսյանը դիմում է ներկայացրել այն մասին, որ 2013թ. օգոստոսի 24-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության աշխատակիցն իրեն քարշ տալով պառկեցրել է գետնին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
2013թ. օգոստոսի 27-ին նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
3. 2013թ. օգոստոսի 26-ին քաղ. Հասմիկ Լալայանը ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. օգոստոսի 24-ին` ժամը 12.00-ից մինչև 16.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի 5 հասցեում բողոքի ակցիային մասնակցելու ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանները ձեռքերով թիկունքից կրծքավանդակը սեղմելով հրել են, որի հետևանքով ինքը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածք:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
2013թ. օգոստոսի 27-ին նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
4. 2013թ. օգոստոսի 26-ին` ժամը 15.55-ին, քաղ. Սարգիս Սարգսյանը ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. օգոստոսի 24-ին` ժամը 13.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում բողոքի ակցիային մասնակցելու ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանը ռետինե մահակով հարվածել է մեջքի ստորին հատվածին` պատճառելով ֆիզիկական ցավ:
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
2013թ. օգոստոսի 27-ին նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: