
ԱՄՆ-ն Սիրիայում մասշտաբային գործողություններ չի ծրագրում, ինչպես Իրաքում. Պետքարտուղարություն

ԱՄՆ իշխանությունները Սիրիա զանգվածային ներխուժումը չեն դիտարկում որպես այդ երկրում քիմիական զենքի կիրառման պատասխան, հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Ոչ ոք զանգվածային ներխուժման մասին չի խոսում: Իրաքյան սցենարի կրկնության մասին խոսք չկա»,-հայտարարել է նա: Ռազմական պատասխանի դեպքում այն նպատակուղղված չի լինի նախագահ Ասադի տապալմանը, այլ «հակամարտության քաղաքական կարգավորմանը` ի շահ սիրիական ժողովրդի»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:
Նա միաժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի քննարկում Սիրիայում թռիչքազերծ գոտու հնարավորությունը, ինչպես Լիբիայում Քադաֆիի ռեժիմի տապալումից առաջ: