«Այդ ո՞ր խելագարը զինված հարձակում կկատարեր մինչև ատամները զինված խումբ ունեցող Սուրիկ Խաչատրյանի տան վրա»
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին կատարվածը այլ կերպ ներկայացնելու փորձերի պատճառները հայտնի են. հանցագործին փորձում են ներկայացնել իբրև տուժող: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը` նշելով, որ «ՀՀ զինդատախազությունը քանիցս օգտագործվել է իբրև գործիք` Սուրիկ Խաչատրյանի նախկինում կատարած հանցագործությունները պարտակելու ուղղությամբ»:
«Այդ ո՞ր խելագարը զինված հարձակում կկատարեր մինչև ատամները զինված խումբ ունեցող Սուրիկ Խաչատրյանի տան վրա: Սպանությունից առաջ Սուրիկ Խաչատրյանը և նրա վարորդը, ինչպես բոլորն են վկայում, Ավետիք Բուդաղյանին ծայրահեղ կերպով վիրավորել, ապա ծեծի են ենթարկել հենց իր ավտոմեքենայում: Եթե այդքանից հետո նա համարձակվում է գալ և հաշիվ պահանջել, կարելի է պատկերացնել` ինչքան են նրան վիրավորել: Բուդաղյանին, փաստորեն, հրավիրել են հստակ` սպանելու նպատակով»,- ասել է Հարությունյանը: Նրա համոզմամբ` զարմանալի չպիտի թվա, որ սիրող եղբայրը, ով էլ լինի` գնդապետ թե քաղաքացիական անձ, իմանալով, թե ում մոտ է նա գնում և ինչ վերաբերմունքի է արժանացել, շտապում է օգնության:
Նախկին քաղաքապետի խոսքերով` որևէ մեկը չի ժխտում` չմոնտաժված տեսանյութում եղել են կադրեր, երբ Ավետիք Բուդաղյանը մոտենում է Սուրիկ Խաչատրյանի առանձնատանը, նրան դիմավորում են որդիները, թիկնապահները, որոնք պարզ է` ինչու էին զինված:
«Որևէ սպառնալիքի դեպքում կարելի էր պարզապես զանգահարել ոստիկանություն, մանավանդ երբ խոսքը մարզպետի և նրա ընտանիքի մասին է, չմոռանանք, որ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան անմիջապես հարևանությամբ գտնվում է Ազգային անվտանգության ծառայության Գորիսի բաժանմունքի շենքը, մինչդեռ որևէ իրավապահ, որևէ շտապօգնության մեքենա այդ ընթացքում ներկա չեն եղել»,- ասել է նա:
Դիտարկմանը, թե ի՞նչ հիմքեր ունի Բուդաղյանի ծեծի մասին խոսելու, եթե տեսանյութում այն ֆիքսված չէ, Հարությունյանը նկատեց. «Ավետիք Բուդաղյանը մենակ է եղել, սպանվել է, բնականաբար` չի կարող վկայություն տալ, բայց նա այդ մասին տեղյակ պահել է մյուսներին, օրինակ` Արտակ Բուդաղյանին: Նա հարկադրված է եղել իր արժանապատվությունը փրկելու համար գնալ և հաշիվ պահանջել»,- ասել է նա:
Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում: