Ոստիկանությունը խոստանում է հետևողական լինել մարմնավաճառների հարցում
Օգոստոսի 27-ին, ժամը 22:00-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները համատեղ միջոցառումների արդյունքում Շենգավիթի վարչական տարածքի Բագրատունյաց, Արտաշիսյան, Արշակունյաց փողոցների տարբեր հատվածներից, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերեցին շուրջ 3 տասնյակ կանանց:
Գիշերային շրջագայության ընթացքում ոստիկանները Բագրատունյաց-Արտաշիսյան փողոցների խաչմերուկից (նախկին Ծերեթելի խաչմերուկ) բաժին հրավիրեցին ինչպես մարմնավաճառների, այնպես էլ մի քանի տաքսու վարորդների, որոնք մարմնավաճառների համար հաճախորդ էին գտնում: Միաժամանակ, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Շենգավիթի վարչական տարածքում բացահայտվեց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու 2 դեպք: Արշակունյաց և Չեխովի փողոցներում գործող հյուրանոցային համալիրների աշխատակիցները տևական ժամանակ իրենց հյուրանոցային համարները պարբերաբար տրամադրել էին կանանց` նպաստելով նրանց պոռնկությամբ զբաղվելուն:
Ոստիկանության Շենգավիթի բաժին բերված 31 մարմնավաճառի վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ: Նրանք ուղարկվել են ՀՀ ԱՆ մաշկավեներական դիսպանսեր` ստուգման: Ոստիկանությունն իրազեկում է, որ նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:
ՀՀ ոստիկանություն