Բաժիններ՝

Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները պատրաստ են նոր ուսումնական տարվան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերն ու խոսել նոր ուսումնական տարվան ընդառաջ նախապատրաստական աշխատանքների մասին:

Հանրակրթության վարչության պետը նշել է, որ ամբողջությամբ ավարտելով դպրոցների և մանկապարտեզների ջեռուցման ապահովման հարցը, շարունակվում են դրանց վերանորոգման ուղղությամբ աշխատաքները: 2013 թվականին Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական հաստատություններում իրականացվեց գույքի նորացման աննախադեպ ծրագիր:

Նշվել է նաև, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում կթույլատրվի լրացուցիչ ընդունելություն կատարել: Արդյունքում, ըստ նախնական հաշվարկների, մանկապարտեզ կընդունվի ևս 1300 երեխա։

Անդրադառանալով դպրոցական ծրագրերին՝ նշվել է, որ 2012-2013թթ. ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվել և անցկացվել են արդեն ավանդական դարձած մարզական, մշակութային, հայ գրականության և ընթերցանության խթանմանն ուղղված մի շարք միջոցառումներ: Գայանե Սողոմոնյանը նշել է, որ ամռան ընթացքում ևս մայրաքաղաքում իրենց հանգիստն անցկացնող աշակերտները հնարավորություն են ունեցել մասնակցելու «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում անցկացված միջոցառումներին:

Երևան-Բուխարեստ համագործակցության ընդլայնման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջին անգամ մայրաքաղաքի տարբեր դպրոցների 46 աշակերտներ հյուրընկալվել են Բուխարեստում, ներկայացրել ազգային մշակույթն ու ավանդույթները: Ուսումնական այս տարում ակտիվանալու են դպրոցի կառավարման թափանցիկության ապահովմանն ուղղված աշխատանքները:

Հանրակրթության վարչության պետը նշել է նաև, որ նորարարությունների մուտքը դպրոց ապահովելու համար տարեցտարի դպրոցները համալրվում են համակարգիչներով և էլեկտրոնային գրատախտակներով, որոնք նպաստում են առարկաների առավել դյուրին յուրացմանը:

Նշվել է նաև, որ շախմատի ակադեմիայի կողմից այս օրերին դպրոցներին անվճար բաժանվում են դասագրքեր և աշխատանքային տետրեր, ուսուցչի ձեռնարկներ և անհրաժեշտ գույք: Այն դպրոցներում, որտեղ այս տարի աշակերտների թվաքանակի աճ է գրանցվել, կբացվեն շախմատի երկրորդ դասարաններ:

Անդրադառնալով նոր ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքներին` հանրակրթության վարչության պետը նշել է, որ ընթացքի մեջ է դասագրքերի բաշխումը: Նա նաեւ շեշտել է, որ տարրական՝ 1-ից 4-րդ դասարանների աշակերտներին դասագրքերը տրամադրվում են բացառապես անվճար: Իսկ 5-9-րդ դասարանների դասագրքերի արժեքների մասին տեղեկատվությունը քաղաքապետի հանձնարարությամբ պետք է պարտադիր փակցված լինի դպրոցների գրադարանների մոտ և տեսանելի լինի բոլորի համար: Վերջին ստուգումներն են կատարվում նաև դպրոցներում անխափան ջրամատակարարում ու էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով: Դպրոցների բուժկետերն ապահովված են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով:

«Մեզ համար կարևորագույն հարց է դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերի բացառումը: Երևանի քաղաքապետի կողմից խստիվ արգելվում է դպրոցներում որևէ վաճառք, այդ թվում՝ դասագրքերի, աշխատանքային տետրերի և այլ ուսումնաօժանդակ պարագաների: Հանրակրթության վարչությունը հետևողական է լինելու, և որևէ խախտում արձանագրվելու դեպքում պատասխանատուները ենթարկվելու են պատասխանատվության»,- նշել է Գայանե Սողոմոնյանը:

Անդրադառնալով թեժ գծերի հեռախոսահամարներին ծնողների կողմից ստացվող զանգերին, բարձրացվող հարցերին՝ Գ. Սողոմոնյանն ընդգծել է թեժ գծերի արդյունավետությունը խնդիրների հայտնաբերման տեսանկյունից և որպես օրինակ ներկայացրել օրերս երկու դպրոցների տնօրենների նկատմամբ հայտարարված խիստ նկատողությունն ու մանկապարտեզներից մեկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքից ազատումը:

Հանրակրթության վարչության պետը նաև նշել է, որ յուրաքանչյուր դպրոց ու մանկապարտեզ, յուրաքանչյուր աշակերտ ու սան գտնվում են Երևանի քաղաքապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս