Կապանում քննարկվեց օդանավակայանի վերագործարկման ծրագիրը
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ մարզկենտրոն Կապանում իրականացվող ծրագրերին եւ ընթացիկ խնդիրներին:
Առավոտյան փոխվարչապետը մարզպետ Վահե Հակոբյանի եւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց քաղաքում: Նա այցելեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շինհրապարակ: Շենքի կառուցման համար պետբյուջեից նախատեսվել է 720 մլն դրամ: Ներկայումս արդեն կատարվել են մոտ 450 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Ըստ պատասխանատուների` նախատեսված ֆինանսական միջոցների հատկացման պարագայում դպրոցի կառուցումն ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում, եւ 2014թ. սեպտեմբերի 1-ին կրթօջախը պատրաստ կլինի շահագործման:
Փոխվարչապետն այցելեց նաեւ «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրով նախատեսված բնակելի համալիրի կառուցման վայր: Զեկուցվեց, որ ծրագրի իրականացման առումով որոշակի խնդիրներ են առաջացել: Ա. Գեւորգյանը խոստացավ հարցը իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել կառավարությունում` առաջացած խնդիրներին լուծումներ գտնելու համար:
Քաղաքապետը փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեց նաեւ քաղաքի կենտրոնի բարեկարգման ծրագրերի մասին:
Մինչ Կապան այցելելը Ա. Գեւորգյանը ծանոթացել էր նաեւ Մեղրի եւ Քաջարան քաղաքների միջեւ` միջպետական ճանապարհի վրա վերակառուցվող կամուրջի շինարարական աշխատանքներին: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 52 մլն դրամ: Կամրջի կառուցման աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին:
Մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին Կապանի, Սիսիանի, Գորիսի, Ագարակի քաղաքապետները, մարզպետարանի պատասխանատուներ, քննարկվեց համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքը, ներկայացվեցին հրատապ լուծում պահանջող խնդիրներ:
Մարզպետարանի պատասխանատուները տեղեկություններ ներկայացրեցին քաղաքաշինական, գյուղատնտեսական աշխատանքների, համայնքների սեփական եկամուտների կառավարման վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ առանձին քննարկվեց նաեւ Կապանում օդանավակայանի վերագործարկման հարցը: Ոլորտի պատասխանատուները ներկայացրեցին վերագործարկման ծրագիրը:
Օդանավակայանի շահագործումը փոխվարչապետը կարեւոր համարեց մարզի բնակչության համար`նշելով, որ ծրագրի իրականացման համար առկա է նաեւ ՀՀ Նախագահի հանձնարարականը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մարզպետը նաեւ տարածաշրջանի գործարարների հետ կքննարկի ծրագիրը, եւ վերջնական ֆինանսական հաշվարկներն ու առաջարկությունները սեպտեմբերին կներկայացվեն կառավարություն:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին