Բաժիններ՝

Օմբուդսմենի խորհրդական. «Այլասերված որևէ ոստիկանի պաշտոնավարումը անթույլատրելի է»

Ոստիկանի կողմից կնոջ նկատմամբ սեռական ոտնձգության վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Օմբուդսմենի կանանց իրավունքներով խորհրդական Աննա Սաֆարյանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Կոմիտաս փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում լրագրողների տեսախցիկը ֆիքսել էր, որ ոստիկանական օպերացիայի և մարդկային խառնաշփոթի հենց կիզակետում մի ոստիկան թիկունքից փաթաթվել էր քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջը և համբուրում էր նրա պարանոցը: Նման երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով: Պահանջում ենք նման վրդովեցուցիչ միջադեպի պատշաճ քննություն և անկալում ենք խիստ պատասխանատվություն անբարո և հանցավոր արարքի համար: Կանանց նկատմամբ ցանկացած սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է, իսկ այլասերված որևէ ոստիկանի պաշտոնավարումը՝ անթույլատրելի:

Սեռական ոտնձգության մասին բարձրաձայնելը չափազանց բարդ է: Դրանից տուժած և սեփական արժանապատվության ու իրավունքների համար պայքարող կինը կարող է հանդիպել ոստիկանների և իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչների անտարբերությանը, քամահրանքին, ծաղրանքին, նույնիսկ` մեղադրանքին:

Այսօր Հայաստանում հատկապես խնդրահարույց է աշխատանքի վայրում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունները: Հաճախ կարելի է հանդիպել աշխատանքի հրավեր- հայտարարություններ, որտեղ ներկայացված են մասնագիտական ունակությունների հետ կապ չունեցող պահանջներ, մասնավորապես, որպես նախապայման սահմանված է կնոջ որոշակի տարիք կամ արտաքին տվյալներ: Երբեմն աշխատանքի ընդունվելու հարցազրույցների ընթացքում գործատուների կողմից որպես պայման դրվում են սեռական կամ այլ ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը:

Աշխատանքի վայրում, փողոցում կամ որևէ այլ միջավայրում սեռական բռնության ենթարկված կանանց Պաշտպանի աշխատակազմը հրատապ կարգով կտրամադրի հատուկ աջակցություն՝ նրանց ուղեկցելով իրավական ողջ գործընթացում: Նման ծանր վիճակում հայտնված կանայք կարող են մեզ հետ կապվել՝ զանգահարելով Պաշտպանի 116 թեժ գծին կամ գրելով իմ էլեկտրոնային հասցեին [email protected]»:

Աննա Սաֆարյան
Պաշտպանի Խորհրդական

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս