Ինչո՞ւ է Հայաստանի համար առավել նախընտրելի Ալիևի վերընտրությունը

Օգոստոսի 18-ին երիտասարդական ճամբար այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին մի շարք հարցեր ուղղեցին ներքին և արտաքին խնդիրների վերաբերյալ: Հարցերից հատկապես մեկն արժանացավ մեծ ուշադրության Նախագահի անսպասելի պատասխանի պատճառով:

Այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞ր թեկնածուն է առավել նախընտրելի, նախագահ Սարգսյանը զարմացրեց բոլորին՝ նախապատվությունը տալով գործող նախագահ Իլհամ Ալիևի վերընտրությանը:

Սովորաբար, երբ քաղաքական գործիչներին հարցնում են, թե ո՞րն է նրանց նախընտրած թեկնածուն օտարերկրյա ընտրություններում, նրանք ձեռնպահ են մնում որևէ կարծիք հայտնելուց կամ պարզապես հայտարարում են, որ դա տվյալ երկրի ընտրողների որոշումն է: Այս դեպքում նախագահ Սարգսյանը չխուսափեց իր հստակ նախապատվությունն արտահայտելուց և բացատրեց, թե ինչու է Հայաստանի համար նախընտրելի հոկտեմբերին նախագահ Ալիևի երրորդ անգամ ընտրվելը.

«Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարևան, հատկապես որպես բանակցային գործընկեր՝ մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը: Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը՝ գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է, հիմա ես չէի ասի, որ բանակցային գործընթացը շատ ակտիվ է ընթանում, բայց այնուհանդերձ բավական ճանապարհ ենք անցել, և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»:

Նախագահ Սարգսյանի հայտարարությունն անմիջապես քննադատության արժանացավ ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ, որ զարմանալի չէ՝ Ադրբեջանում: Երևանում ընդդիմության առաջնորդներն ապշած էին, որ Հայաստանի նախագահը կարող է արտահայտվել ի նպաստ նախագահ Ալիևի վերընտրության, որը բազմիցս սպառնացել է հարձակվել Արցախի վրա: Նրանք զարմացած էին, թե ինչպես կարող է Ադրբեջանի բռնակալ և ռազմատենչ նախագահը օգտակար լինել Հայաստանի համար: Ադրբեջանի ղեկավարները ևս դժգոհ էին Սերժ Սարգսյանի հայտարարությունից: Նախագահ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Նովրուզ Մամեդովը խստորեն քննադատեց Հայաստանի նախագահին, վերջինիս պնդման համար, որ Հայաստանի համար առավել ձեռնտու է Ալիևի վերընտրությունը: Բացի այդ, Մամեդովը քննադատեց Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցություններին՝ Սարգսյանի հայտարարությունն իրենց «կեղտոտ ընտրապայքարում» ընդդեմ Ալիևի շահարկելու համար: Մամեդովը պարծենալով եզրափակեց, որ Ադրբեջանի նախագահը Սարգսյանի օժանդակության կարիքը չունի, քանի որ Ալիևը վայելում է այնպիսի հեղինակավոր համաշխարհային առաջնորդների աջակցությունը, ինչպիսիք են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մինչ Սերժ Սարգսյանը պայմանավորում է իր հայտարարությունը ի նպաստ Ալիևի, ըստ էության, Արցախի բանակցություններում շարունակական առաջընթացով, կարելի է մտածել նաև հավելյալ պատճառների մասին, թե ինչու է Հայաստանի համար առավել ձեռնտու Ալիևի վերընտրությունը.

– Նախագահ Ալիևը խոցելի ղեկավար է, որն ամբողջ աշխարհում դատապարտվում է որպես բռնակալ, կաշառակեր և մարդու իրավունքների կոպիտ խախտող:

– Ալիևը վատնել է իր երկրի նավթային հսկա եկամուտները՝ հարստացնելով իրեն, իր ընտանիքին և մտերիմներին:

– Նա միլիարդավոր դոլարներ է ծախսել զինամթերք գնելու համար, որը նրան չի օգնել նույնիսկ մի թիզ հող վերագրավել Արցախի տարածքից:

– Անճարակ Ալիևի վերընտրությունը վնասակար է Ադրբեջանին և օգտակար Հայաստանին: Եթե Ալիևը կորցնի նախագահի պաշտոնը, նրա փոխարինողը կարող է ավելի գործունյա ղեկավար լինել, որ կարող է իսկական վտանգ ներկայացնել Հայաստանին և Արցախին:

– Սարգսյանի կողմից Ալիևի նախընտրությունը նվազեցնում է նրա վստահելիությունը ադրբեջանական ժողովրդի աչքում, որը զարմանում է, թե ինչու է Հայաստանի ղեկավարը,  որ ներկայացվում է որպես Ադրբեջանի թշնամի, սատարում իրենց նախագահին: Այս իրավիճակն Ադրբեջանի դավադրության տեսաբաններին պարարտ նյութ է ընձեռել: Քանի որ Ալիևի վերընտրությունը կանխորոշված է՝ հաշվի առնելով երկրի ավանդաբար կեղծիքներով լի ընտրահամակարգը, Սերժ Սարգսյանի կողմից Ալիևին  նախապատվություն տալը չի կարող հանգեցնել նրա պարտությանը, սակայն, անշուշտ, կասկածանքի ստվեր կնետի նրա արդեն իսկ վարկաբեկված հեղինակության վրա:

Վերջապես, միջազգային հարաբերություններում կարևոր է ունենալ կանխատեսելի գործընկեր՝ լինի դա դաշնակից թե թշնամի: Նախագահ Ալիևի վերաբերմունքը Հայաստանի և Արցախի հանդեպ մինչ օրս եղել է միանգամայն կանխատեսելի: Վրացի լրագրող Գեորգի Լոմսաձեն EurasiaNet.org կայքում շատ դիպուկ է ներկայացրել Սարգսյանի կողմից ի նպաստ Ալիևի արված  հայտարարությունը. «Նախընտրելի է այն սատանան, որին գիտես, քան թե այն, որին չգիտես»:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տեսանյութեր

Լրահոս