70-ն անց կնոջը գետնին տապալող ոստիկանը կարգապահական տույժի կենթարկվի

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում 2013 թ. օգոստոսի 21-ին, ժամը 09.20-ին «Լիբեր» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից ահազանգ է ստացվել, որ մի խումբ քաղաքացիներ խոչընդոտում են Երևան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներին: Ահազանգի կապակցությամբ նշված վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներ: Որոշ ակտիվիստներ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, շարժվել են Կոմիտասի պողոտայի երթևեկելի գոտի և խոչընդոտել ճանապարհային երթևեկությունը:

Հասարակական կարգը պահպանելու և հիշյալ ակտիվիստների ոչ պատշաճ վարքագիծը կանխելու նպատակով նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները: Ակցիայի մասնակիցներից քաղաքացի Սեդա Սահակյանը, ով նույնպես խոչընդոտում էր ճանապարհային երթևեկությունը, մոտեցել է նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Ապերյանին և հետևից ձեռքով հրել: Ոստիկանը տարեց կնոջը հրել է մի կողմ:
Դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն:

Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում վերոհիշյալ միջադեպը հաստատվել է «Ասեկոսե.ամ» ինտերնետային կայքում զետեղված «Ոստիկանը գետնին է տապալում 70-ն անց տարեց կնոջը» վերտառությամբ տեսանյութի ուսումնասիրությամբ:
Քաղաքացի Սեդա Սահակյանը տված բացատրությամբ պնդել է վերը նշվածը և հավելել, որ ոստիկանության ծառայողի հրելու հետևանքով ինքը մարմնական վնասվածք չի ստացել: Նշել է, որ հիշյալ ծառայողի նկատմամբ որևէ բողոք, պահանջ չունի, քանի որ նա իր հետ նման կերպ վարվելու դիտավորություն չի ունեցել. այդ ամենը տեղի է ունեցել ստեղծված իրավիճակի հետևանքով` պահի ազդեցության տակ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Ապերյանը Ներքին անվտանգության վարչությունում տված բացատրությամբ ընդունել է նշված կնոջը հրելու և նրա հետ կոպիտ վարվելու հանգամանքները: Հավելել է, որ ինքը նման դիտավորություն չի ունեցել, ուղղակի, ստեղծված իրավիճակում, պահի ազդեցության տակ է դիմել այդ քայլին: Նշել է, որ իր հրելու հետևանքով կինը վայր չի ընկել, քանի որ հենց ինքն է բռնել նրա ձեռքը, որպեսզի չընկնի: Նաև՝ ինչպես այդ կնոջ, այնպես էլ մյուս քաղաքացիների հասցեին որևէ վիրավորական արտահայտություն չի հնչեցրել:

Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Ապերյանը, ում լիազորությունները ոստիկանության պետի օգոստոսի 22-ի հրամանով ժամանակավորապես դադարեցվել էին մինչև ծառայողական քննության ավարտը, 2013թ. օգոստոսի 21-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելով Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում, դրսևորել է ոստիկանին ոչ վայել վարքագիծ, քաղաքացու հետ հարաբերություններում ցուցաբերել է կոպիտ ու անհարգալից վերաբերմունք և նրա ձեռքից քաշելով՝ հրել մի կողմ, ինչով խախտել է «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջը:

Ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսևորելու` քաղաքացու հետ հարաբերություններում կոպիտ ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Գևորգի Ապերյանը կարգապահական տույժի կենթարկվի:

Տեսանյութեր

Լրահոս