Ոստիկանը համբուրե՞լ է քաղաքացիական ակտիվիստ Շողիկ Մելքումյանին, թե՞ հայհոյանքներ է շշնջացել ակտիվիստի ականջին
Այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում ակտիվիստ Շողիկ Մելքումյանը ասել է. «Այն ոստիկանը, որը հետեւից շատ մոտենում էր ինձ, ես չեմ զգացել՝ ինքը ինձ համբուրե՞լ է, թե՞ ուղղակի իրա շրթունքները քսել է իմ պարանոցին, որովհետեւ ես այդ պահին ինձ լավ չէի զգում… և ինքը երևի օգտվել է իմ այդ վիճակից, որ ես լավ չեմ զգում և շրջված եմ: Միանգամից, երբ որ բախումները սկսվեցին ակտիվիստների ու ոստիկանների միջև, հանկարծակի մի ալիք բարձրացավ…»:
Շողիկ Մելքումյանը պատմել է, որ իրեն հայհոյողը մեկ այլ ոստիկան է եղել, ում ինքը ճանաչում է անուն-ազգանունով: Հայհոյելու պահին Շողիկն այդ մասին բարձրաձայնել է: «Իսկ այն ոստիկանը, ով որ ինձ հայհոյել է, դա Արաբկիր համայնքի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանն է: Երբ որ Վ. Օսիպյանը հրամայում է, որ «տարեք սրան» եւ 7 կարմիր բերետավոր հարձակվում են ինձ վրա եւ տանում ոստիկանական մեքենա, այդ ընթացքում ինձ մոտեցավ Արայիկ Պետրոսյանը, բռնեց աջ ձեռքս եւ ասաց` ես քեզ հավանել եմ եւ հայհոյանք տվեց: Մինչ ինձ կմոտեցնեին մեքենային եւ փորձում էին գլուխս ճզմելով մտցնել մեքենայի մեջ, ես բարձրաձայն բղավեցի եւ ասացի, որ հենց նոր ինձ ոստիկանը այսպիսի բան ասաց: Իսկ մյուս ոստիկանը, ով ինձ հետեւից էդքան մոտեցել էր, նա ինձ չի հայհոյել, նա «հոգատար ոստիկանի» դեր էր խաղում: Նույնիսկ կա տեսանյութ եւ ունեմ ֆիքսվա, որ րոպեին երեւում է, որ ես շնչահեղձ վիճակով մատս թափ եմ տալիս նրա վրա՝ չկպնես ինձ: Ինքը անընդհատ պտտվում էր իմ շուրջը, թե «Վայ, քույրիկ ջան, դու լավ չես զգում, քեզ ջուր բերեմ», անընդհատ կիսափաթաթվելու նման էր անում, ձեռքը գցում էր ուսիս, քաշում էր իմ թեւից: Ու էդ պահը, երբ որ ինքը հետեւից է մոտենում, ձեռքը գցում է իմ պարանոցին, այդտեղ շատ պարզ երեւում է, որ ես թուլացած կանգնած եմ, ինքը որքան կարողանում մոտենում է, իսկ ես անգամ չէի էլ հասկանում»,- ասել է Շողիկ Մելքումյանը: