Գիշերը 4 հոգու բերման են ենթարկել
Ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ գիշերը Երևանի քաղաքապետարանի մոտից ևս 4 հոգու բերման են ենթարկել: Հաղորդագրությունը Ռուզաննա Գրիգորյանը տարածել է ուշ գիշերը:
«Նոր եմ վերադարձել քաղաքապետարանից։ Ուրեմն չորս հոգու ոստիկանները տարան կենտրոնի ոստիկանություն։ Երեքին՝ Վահագն Մինասյանին, Սուրեն Սահակյանին և Գոհար Սարոյանին քաղաքապետարանի աստիճաններին պառկելու համար, իսկ չորրորդին՝ Կարեն Հարությունյանին, իրավական հիմնավորումներ պահանջելու համար։ Անգիր արած կրկնում էին, որ «տանում ենք ոստիկանի իրավական պահանջը չկատարելու համար», բայց երբ հարցնում ես «որն է այդ օրինական պահանջը, ներկայացրեք իրավական ակտը», ոչ մի բովանդակային պատասխան չեն տալիս։
Այս չորս դեպքերից և ոչ մեկի դեպքում ոստիկաններին այդպես էլ չհաջողվեց ձևակերպել իրավական հիմնավորումը՝ հղում անելով օրենքին։ Ի դեպ, երբ ոստիկաններին իրարից անկախ տարբեր պահերի հարց էինք տալիս արդյոք օրենքով արգելաված է քաղաքապետարանի աստիճաններին պառկելը, մի մասն ասում էր այո, մի մասը՝ ոչ։ Այն հարցին արդյոք քաղաքապետարանի աստիճաններին կարելի է կանգնել, այսօր բոլոր ոստիկանները պատասխանեցին՝ այո։ Այն դեպքում երբ երկու օր առաջ աստիճաններին կանգնելու համար մի խումբ քաղաքացիների բերման էին ենթարկել կենտրոնի բաժին։ Մի խոսքով, ոստիկանությունը չգիտի կամ չի ուզում իմանալ օրենքը, ըստ այդմ չի գործում օրենքով, կատարում է ԱՊՕՐԻՆԻ ՀՐԱՄԱՆՆԵՐ»,- ասված է նրա հաղորդագրության մեջ։