Անակնկալներ «Փարկինգ Սիթի Սերվիսի» կողմից. Քաղաքացիների դժգոհությունը չի պակասում
Քաղաքում երևի թե չի գտնվի մի վարորդ, որ գոհ է «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության աշխատանքից, լինի դա իշխանամետ, ընդդիմադիր, թե այլ ճամբարի ներկայացուցիչ: Շատերն անակնկալի են եկել, երբ 1 տարվա համար նախատեսված վարձը մուծելով, հանկարծ հայտնաբերել են, որ դա միայն մինչև ընթացիկ տարվա ավարտի համար է, իսկ ոմանք, փորձելով վճարել 1 ամսվա վարձ, տհաճությամբ պարզել են, որ վճարումը հաշվարկվում է իրականացվող օրվանից մինչև 1 ամիս տևողությամբ (օրինակ՝ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 25-ը): Ընդ որում՝ անդորրագրի մեջ նշվում է միայն վճարված գումարի չափը և մեքենայի պետհամարանիշը, իսկ ահա մատուցված ծառայության ժամկետները չեն նշվում և անհրաժեշտության դեպքում վարորդը չի կարողանա ապացուցել, որ 1 ամսվա համար է վճարել, ոչ թե 4 օրվա (ըստ գնացուցակի՝ 1 օրվա արժեքը 500 դրամ է, 1 ամսվանը՝ 2000 դրամ):
«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ վճարները գանձվում են «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի համաձայն և ավտոկայանատեղիի կամ այլ ցանկացած տուրք վավեր է վճարման պահից սկսած. «Այսպիսով, եթե դուք ցանկանում եք վճարել սեպտեմբերի համար, պետք է վճարեք սեպտեմբերի 1-ին: Կա երկրոդ տարբերակը՝ հիմա վճարեք, մոտեցեք քաղաքապետարան, դիմում գրեք, որի հիման վրա վճարած տուրքը կհաշվարկվի սեպտեմբեր ամսից»:
Մեր հարցին՝ բարդ չի՞ արդյոք, ծառայությունը հարմար չի քաղաքացիների համար, Վ.Հարությունյանը պատասխանեց, թե կարգն է այդպես, դա օրենսդրությամբ է սահմանված:
Թե ինչո՞ւ տարեկան վճարի դեպքում այդ կարգը չի գործում և վճարն ամբողջությամբ (12 հազար դրամ) ընդունվում է ընթացիկ տարվա համար, Վ.Հարությունյանը նշեց, որ դա էլ է օրենսդրությամբ ամրագրված, քանի որ ցանկացած տուրք հաշվարկվում է մինչև հաջորդ տարին: Այսինքն՝ այս տարվա վերջին Երևանի ավագանու կողմից կհաստատվի հաջորդ տարվա տուրքը՝ տվյալ բյուջետային տարվա համար:
Ընկերության ղեկավարը հավանական չհամարեց, որ տուրքի մեծությունը կարող է փոխվել հաջորդ տարվա համար. «Ամեն դպքում ցանկացած տուրք՝ գույքահարկ, հողի հարկ, ամեն տարի սահմանվում է: Դրանք փոփոխման շատ քիչ են ենթարկվում: Եթե նկատել եք, վերջին մի քանի տարիների ընթացքում տուրքերը չեն փոփոխվել ընդհանրապես, բայց ամեն տարի ավագանին հաստատում է հաջորդ տարվա համար: Դրա համար 12 հազարանոց դրույքաչափը գործում է մինչև դեկտեմբերի 31-ը»:
Մեր դիտարկմանը` քաղաքացիները բողոքում են նաև, որ ընկերությունը չի ապահովում մեքենաների անվտանգությունը, Վ.Հարությունյանը պատասխանեց. «Բազմիցս նշել ենք՝ մենք չենք փոխհատուցում վնասը, բայց անվճար տրամադրում ենք տեսանյութը: Եթե տեղի է ունեցել մի պատահար, որտեղ ամբողջությամբ կահավորված է տեսախցիկներով, գործում է օրենքին համապատասխան բոլոր պահանջներով ավտոկայանատեղին, այդտեղ կայանելու և տուրքի վճարն ունենալու դեպքում, սահմանված ժամկետում ու կարգով տեսանյութը վարորդին կտրամադրվի, ինքն էլ կարող է ներկայացնել համապատասխան մարմիններին: «Փարկինգ Սիթի Սերվիս»ը որպես այսպիսին չի փոխհատուցում»:
Վ.Հարությունյանը նաև հայտնեց, որ կայանատեղիների գծանշումները դեռ շարունակվում են, մայրաքաղաքի Կենտրոնն ամբողջությամբ դեռ վերջացրած չի, նույնիսկ մի քանի տեղեր կան՝ Մաշտոցի պողոտայում, Սայաթ-Նովայի, Աբովյան փողոցներում, որ մաշվել են գծանշումները, որոնք վաղվանից կթարմացվեն: Այս տարի կավարտվի Փոքր Կենտրոնի գծանշումը, հավանաբար, հաջորդ տարվանից աշխատանքը կսկսվի Արաբկիր վարչական շրջանում: «Ավագանու որոշմամբ՝ ամբողջ քաղաքում փողոցների ցանկը հաստատված է, պետք է գծանշվի»,- հավելեց ընկերության տնօրենը: