
ԱՄՆ հետախուզությունը գաղտնալսումներ է իրականացրել նաեւ ՄԱԿ-ի կենտրոնակայանում. Spiegel

Գերմանական Spiegel –ը կիրակի գրել է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսումներ է իրականացրել նաեւ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Պարբերականը վկայակոչում է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնոուդենի կողմից ավելի վաղ փոխանցված փաստաթղթերը:
Մասնավորապես, 2012 –ի ամռանը հատուկ ծառայությունը կոտրել է պաշտպանությունը եւ կարողացել հետեւել ՄԱԿ-ի տեսակոնֆերանսին: Նման գործելաոճը հակասում է ՄԱԿ-ի հետ Վաշինգտոնի հանաձայնագրի պահանջներին:
Բացի այդ, հատուկ ծրագրի միջոցով, որը կոչվել է Special Collection Service, տեղեկատվություն է հավաքվել տարբեր երկրներում ԱՄՆ ավելի քան 80 դեսպանատներից եւ հյուպատոսություններից: Գաղտնալսման կետեր են գտնվել մասնավորապես Մայնի Ֆրանկֆուրտում եւ Վիեննայում: Դիվանագետներին ընդունող երկրները չեն էլ կռահել այդպիսի «առաքելության» մասին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ԱԱԳ-ն գաղտնալսումներ էր կատարել Վաշինգտոնում եւ Նյու Յորքում ԵՄ ներկայացուցչություննում եւ ավելի քան 38 օտարերկրյա առաքելություններում: