
Բերման են ենթարկվել նաև նստացույց անող ակտիվիստները

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել նստացույց անող Վահագն Մինասյանին և Սուրեն Սահակյանին: Բերման ենթարկելու պատճառը, ըստ ոստիկանների, այն է, որ վերջիններս չեն ենթարկվել նրանց օրինական պահանջին: Սակայն թե ինչ իրավախախտում անելու ժամանակ են ոստիկանները ներկայացրել իրենց օրինական պահանջները, վերջիններս բացատրություն չկարողացան տալ:
Իրականում տղաները հետևելով փոխոստիկանապետ Օսիպյանի խորհրդին և քաղաքապետարանից ստացված իրենց դիմումի պատասխանին՝ հովանոց տեղադրելու այլընտրանքային տարբերակ էին գտել և մեքենայի վրա դրված ձողերի վրա փորձում էին հովանոց տեղադրել: Սակայն ոստիկանները գտան, որ հովանոցի չափը մեծ է և խոչընդոտում է հանրային տարածքի ազատ լինելուն: Ոստիկանների խոսքերով՝ հովանոցի ծավալն ավելի մեծ է, քան մեքենայի, դրա համար պահանջում էին հեռացնել այն:
Նստացույց անող Գոռ Առաքելյանը վերցրել է իր մոտ եղած անձրևանոցը և բացելով այն՝ ոստիկաններին ցույց է տվել, որ անձրևանոցն էլ իր ծավալներից է մեծ. «Խնդրում եմ ինձ էլ ապամոնտաժեք, որովհետև անձրևանոցն էլ իմ ծավալներից է մեծ: Երբ դուք ինձ ապամոնտաժեք, մենք կապամոնտաժենք հովանոցը»:
Ակտիվիստները այժմ գտնվում են ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում: