
Րաֆֆի Հովհաննիսյանը միավորման կոչ է անում. Բոլորը գիտեն, որ դանակը պետության ոսկորին է հասել

«Բոլորը գիտեն, որ դանակը պետության ոսկորին է հասել, որ հրապարակներում, պուրակներում, բուհերի առաջ, բնակարաններում՝ առանձին-առանձին պայքարելիս, ոչ մի տեղ չենք հասնի»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրային ժողովի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս շեշտեց, թե ՀՀ առջև ծառացած հարցերը՝ օֆշորը, կոռուպցիան, արտագաղթը, կլուծվեն միավորմամբ. «Եթե մենք ուժեղ լինենք, այս սեպտեմբեր ոչ թե թեժ աշուն է սպասվում, այլ՝ հրամայական պայքար»: Ր. Հովհաննիսյանը նշեց նաև, որ ինքը լինելու է ամեն տեղ, որտեղ կա պահանջ, ահազանգ: «Աշունը կլինի մեր հաղթանակի եղանակը: Մինչև սեպտեմբերի 23-ը կունենանք նոր վիճակ Հայաստանում»:
Նա առաջարկեց՝ «քանի ուշ չէ, քանի հաղթանակը, որը կերտել ենք 90 տոկսով մերն է, փոխենք այս վիճակը»: Լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, թե Դաշնակցություն, ՀԱԿ, ոչ իշխանական «Բարգավաճ», քաղաքացիական նախաձեռնություններ բոլոր նրանք, ովքեր ասում են՝ այլ Հայաստան, պետք է միավորվեն Ազատության հարթակում: