Րաֆֆի Հովհաննիսյան. Ես ամեն մեկին չեմ պատասխանելու
Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրային ժողովը: Այն, որ բաց հավաքին ներկա չէին քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը բացատրեց այսպես. «Այսօր հանրային ժողով է, հրավերներ որևէ կուսակցության չեն ուղարկվել: Ներկա էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Չեմ ուզում կանխատեսում անել, բայց իմ տպավորությունն այն է, որ առաջիկա մի քանի ամիսները, շաբաթները եթե ոչ միաձուլման, ապա համատեղման գործընթաց կցուցաբերեն: Գիտեմ, որ դժվար է, ամեն մեկն ունի իր տեսակետը, իր կյանքի իմաստը, բայց ես կարծում եմ, որ, գլոբալ իմաստով, բոլոր գիտակցում են, որ մեծ փոփոխության կարոտ է Հայաստանը»:
168.am-ի դիտարկմանը, թե քաղաքական ուժերը նշում են, որ Ձեր կոչերը հստակ չեն իրենց համար, մասնավորապես՝ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը նկատում է, թե միանալ բառը պետք է կոնկրետ բացատրվի, նա այսպես արձագանքեց. «Բոլոր տեսակետները հարգելի են, ես էլ քիչ թե շատ փորձառություն ունեմ Հայաստանի քաղաքական կյանքում: Ես ամեն մեկին չեմ պատասխանելու, բայց կասեմ, որ եթե ոչ իշխանական քաղաքական հիմնական ուժերը և քաղաքացիական հիմնական նախաձեռնությունները կանգնեն Ազատության հրապարակի հարթակում, համակարգափոխությունը, կեղծ իշխանության փոփոխությունը տեղի կունենա: Մենք պետք է ոչ թե պատրվակ փնտրենք, թե ինչո՞ւ չենք գա, այլ՝ գնանք դեպի գործը:
Հստակություն մեր խոսքի, մեր պահանջի մեջ եղել է: Կարող է իմ առոգանությունը, իմ ակցենտը ոմանց ռոմանտիկայի գիրկը հրավիրի, բայց ես կարծում եմ, որ մենք շատ հստակ ասել ենք, որ 80-ը 20-ի դիմաց մենք հաղթել ենք նախագահական ընտրություններում: Տեխնիկապես փետրվարի 18-ին մենք չկարողացանք հաղթանակը տանել, բայց վստահեցնում եմ, որ այս ընթացքում, եթե մայիսին կանգնենք հարթակում, ամեն մեկն իր հստակ խոսքը կասի՝ կունենանք Նոր Հայաստան, նոր ընտրություններ»:
Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե քաղաքական ուժերը չմիանան, նա պատասխանեց, որ դրա մեղավորը կլինի և ինքը, և նրանք, ովքեր պատրվակ էին փնտրում չներկայանալու:
Անդրադառնալով այն քննադատություններին, թե ինքը ծրագիր չունի, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե 100 էջանոց ծրագիր ունի և հիմա կա քաղաքացուն փրկելու խնդիր: