Րաֆֆի Հովհաննիսյան. Փոքր հաղթանակները պետք է բերենք մեյդան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր տեղի ունեցած հանրային ժողովի ժամանակ հայտարարեց, թե ժողովրդի փրկության ճանապարհը գտնելու համար կա մեկ ամիս, մեկ եղանակ: Նա նշեց, որ սրա համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական ոչ իշխանական հիմնական ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները միավորվեն մեկ հարթակում: 168.am-ը հետաքրքրվեց, թե որն է լինելու հաջորդ քայլը, եթե իր թվարկած ուժերը այս մեկ ամսվա ընթացքում հանդես չգան միևնույն հարթակում:
«Մեկ ամիս անց սեպտեմբերի 23-ն է, ես ասացի մեկ ամիս կամ այս եղանակի ընթացում: Այս եղանակը պետք է փոխի երկիրը: Եթե այսպես շարունակենք մեղավոր կլինեն ոչ միայն ընտրությունը գողացող իշխանությունները, այլև՝ բոլորս: Կարող է իրար չհավանենք, անցյալում խնդիրներ ունեցած լինենք, մարտավարության տարբերություն ունենանք, բայց եթե հաղթահարենք այս ամենը հաղթանակը տեսանելի է, շոշափելի է: Ես պատկերացնում եմ հաղթանակը: Փոքր հաղթանակները պետք է բերենք մեյդան»,- պատասխանեց նա: Նա նշեց, որ բազմաթիվ անգամներ ասել է, թե սա մի հոգու պայքարը չէ՝ երկարատև պայքար է, «Նոր Հայաստան» շարժումը չհուսահատվող պայքարի երդում է: