Լևոն Զուրաբյանի հորդորը ընդդիմադիր ուժերին. Եթե կարողանում եք ավելի լավ անել` ցույց տվեք, մի քննադատեք

«Իշխանություններին ձեռնտու է մի քաղաքական իրավիճակ, որն իրենք կարող են ներկայացնել որպես ընդդիմության գզվռտոց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը` շեշտելով, որ ինքը անձամբ նման «նվեր» իշխանությանը չի շնորհի:

«Ես չեմ ցանկանում որևէ քաղաքական ուժի (եթե այդ քաղաքական ուժը իշխանությունը չէ) քննադատել: Կարող ենք հավանել կամ չհավանել այդ որոշումը, բայց քննադատել չենք ուզում: Մենք պայքարի մի ձևն ենք ճիշտ համարում, իրենք՝ մեկ այլ ձևը: Մեկը պայքարում է հստակ կառուցված քաղաքական գործընթացներով, մեկը՝ հացադուլով: Ամեն մեկն իր պատկերացումներն ունի: Քաղաքական ուժերը պետք է սովորեն միմյանց չքննադատել: Քննադատության միակ ձևը պետք է լինի իշխանության դեմ պայքարը: Ես չեմ ընդունում որևէ քննադատություն ընդդիմության հասցեին այն ուժերից, որոնք իրենց ընդդիմադիր են համարում»,- նշեց նա:

Դիմելով ոչ իշխանական ուժերին՝ նա խորհուրդ տվեց. «Եթե կարողանում եք ավելի լավ անել` ցույց տվեք, մի քննադատեք: Մեր հասցեին էլ շատ քննադատություններ են եղել. իմ հասցեին էլ` իրենց ընդդիմադիր հորջորջող մարդկանց կողմից: Բայց ես չեմ շեղվելու ու չեմ անելու այն, ինչ ձեռնտու է իշխանություններին»:

ՀԱԿ պատգամավորի խոսքով` ընդդիմության միջև «գզվռտոց» լինելու առիթ հիմա չպետք է լիներ` հաշվի առնելով երկիրը կեղեքող իշխանությանը, երբ խաղաղ պայմաններում ժողովուրդը «փախեփախ» արտագաղթում է. «Էլ ինչի՞ շուրջ կարելի է գզվռտվել: Պրոբլեմ ընդդիմադիր ուժերի մեջ չպետք է լիներ: Ոչ մի քաղաքական գործիչ չպետք է իջներ այն մակարդակի, որ քննադատեր դիմացի ուժին: Բոլորս պետք է քննադատեինք իշխանություններին ու դրանով է ստուգվում իրական ընդդիմադիր քաղաքական ուժը»:

Տեսանյութեր

Լրահոս