ՀՀ առողջապահության նախարարն ընդունեց Լիտվայի դեսպանին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Նախարարը նշեց, որ տեղյակ է Լիտվայի առողջապահական համակարգում հաջողությամբ իրականացվող բարեփոխումների մասին և ափսոսանք հայտնեց, որ այս ոլորտում երկու երկրների նախարարությունների միջև առայժմ ակտիվ փոխհամագործակցություն չի իրականացվում։
«Մենք բարձր ենք գնահատում Եվրամիության անդամ Լիտվայի արձանագրած հաջողություններն ու փորձը առողջապահության զարգացման ոլորտում և վստահ ենք, որ շատ հարցերում Ձեր հանրապետության փորձը հետաքրքիր եւ օգտակար կարող է լինել Հայաստանի համար»,-ասաց Դերենիկ Դումանյանը:
Նախարարը նշեց, որ ցանկալի է ծանոթանալ հատկապես Լիտվայի Հանրապետությունում Ազգային առողջապահական խորհրդի գործունեությանը, առողջապահության կառավարման իրավական ոլորտին, պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին, առողջության առաջնային պահպանման և հատկապես ընտանեկան բժշկության մոդելին։ Դերենիկ Դումանյանն ընդգծեց, որ Հայաստանի գյուղական բնակավայրերում ընտանեկան բժշկության ներդրումը տալիս է սպասված արդյունքները, մինչդեռ քաղաքներում դեռևս անելիքներ կան։ Կարևորվեց նաև դեղորայքի մատակարարման Լիտվիայում ներդրված քաղաքականության, ինչպես նաև առողջապահական տեղեկատվական համակարգի (e-health) ներդրման փորձին ծանոթանալը: Դերենիկ Դումանյանը հույս հայնեց, որ այս հանդիպումով կդրվի երկու երկրների առողջապահության նախարարությունների համագործակցության ընդլայնման հիմքը։
Դեսպան Էրիկաս Պետրիկասը ևս կարևորեց երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում, այդ թվում` առողջապահության բնագավառում համագործակցության խորացումը և վստահեցրեց, որ իր կողմից կանի հնարավորը` դրան նպաստելու համար:
Նա ընդգծեց, որ Եվրամիությունում Լիտվայի նախագահության ընթացքում մեծ նշանակություն է տրվելու Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը։
Նշենք, որ ինչպես Լիտվայի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը նույնպես, 2013 թվականը հայտարարել է առողջության խթանման տարի: