Կալանավորված ոստիկանի հայր. «Ինչի՞ համար ա ոստիկանությունը, ցրեք, եթե հավատում եք նարկամաններին» (տեսանյութեր)

Այսօր ՀՀ Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ցույց էին իրականացնում նաև կալանավորված նախկին ոստիկաններ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի հարազատները: «Պահանջում ենք արդար դատավճիռ կայացնել» վերտառությամբ պաստառով իր բողոքն էր ներկայացնում նաև Խաչիկ Բախդուրյանի հայրը:

168.am-ի հետ զրույցում նա նշեց. «Այս ոստիկանները հանցագործ են բերման ենթարկել, մեր դատախազությունն էլ չի հավատում, հալածում ա: Չորս տարի պահանջել ա հարգելի դատախազը, բայց ինչի՞ համար, որ գիշեր-ցերեկ աշխատո՞ւմ էին իր համար: Ինչի՞ համար ա ոստիկանությունը, ցրեք, եթե հավատում եք նարկամաններին: Թող գան՝ պատասխան տան, ինչի՞ համար են դատում, ապրի… էս մեր երկրի շնորհքն ա: Գնացեք աշխատեք ոստիկաններ, համ էլ դատվեք: Էս երկրում ոստիկանություն չկա, ձեր վերջն էլ ա սենց լինելու»:

Հիշեցնենք, որ ոստիկանները կալանավորվել են 2012-ի դեկտեմբերին՝ կասկածյալի նկատմամբ բռնի ուժ կիրառելու մեղադրանքով: Որպես պատիժ չորսական տարի ազատազրկում է պահանջվել: Ակցիան դեռ չէր էլ սկսվել, երբ Խաչիկ Բարխուդարյանի հորը մոտեցան տղամարդիկ՝ այդ թվում Կենտրոն համայնքի փոխոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանը: Երկար բանակցելուց հետո փոխոստիկանապետը փորձեց հասկացնել, թե պետք չէ ակցիա անել՝ «սա մեզ հիմա պետք չէ», ապա խնդրեցին խոսել հոռախոսով, ինչից հետո ոստիկանի հայրը հայտարարեց.

«Պետք չի., գնացինք: Ասում ա՝ ծնողները թող գան նախարարի մոտ»: Մեր հարցին, թե ո՞ւր են իրեն տանում, ո՞ւմ հետ էր զրուցում, նա պատասխանեց. «Չգիտեմ, չհասկացա՝ ով ա: Մեզ նախարարը հրավիրել ա, որ հետը խոսանք: Հնարավոր ա Վլադիմիր Գասպարյանն էր՝ ձայնից չճանաչեցի: Ասեց գնանք իրա մոտ: Էսի վերջը չի՝ սկիզբն ա»: Նա նստեց մեքենան ու հեռացավ:

Տեսանյութեր

Լրահոս