Դերենիկ Դումանյանն այցելեց վթարից տուժածներին
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց Դիլիջանի բժշկական կենտրոն` այսօր առավոտյան Երևան–Դիլիջան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով։ Ավտոբուսի 18 ուղևորները (Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցի ուսուցիչներ) սկզբում հոսպիտալացվել են այս կենտրոնում։
Դերենիկ Դումանյանը մեկ առ մեկ զրուցեց կենտրոնում գտնվող տուժածների հետ։ Մասնագետները նախարարին ներկայացրեցին յուրաքանչյուրի հետազոտությունների արդյունքները, ախտորոշումները, ցուցաբերվող բժշկական օգնությունը, քննարկեցին հետագա բուժման տակտիկան։ Նաև զեկուցեցին, որ կենտրոնն ապահովված է անհրաժեշտ դեղորայքով և լուծույթներով։
Տեղեկացնենք, որ վթարի մասին լուրն իմանալուն պես նախարար Դումանյանը հանձնարարել էր մոբիլիզացնել Դիլիջանի, Իջևանի և Երևանի շտապօգնության մասնագիտական բրիգադներին` բազմակի վնասվածքներ ունեցող, ծանր և միջին ծանրության տուժածների տեղափոխումը Երևանի երրորդ մակարդակի հիվանդանոցներ կազմակերպելու նպատակով։ Վթարից տուժածներից 6-ը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական հսկողության տակ և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Տուժածներից ևս 2-ը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իրականացվում են անհրաժեշտ հետազոտություններ և բժշկական միջամտություններ։ Մեկ տուժած Երևան տեղափոխվելուց հետո հրաժարվել է հետագա բուժօգնությունից և տուն գնացել։
Այս պահին Դիլիջանի բժշկական կենտրոնում շարունակում է ապաքինվել չորս տուժած։ 4-ը անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ մեկը տեղափոխվել է Հերացի հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա` ջլի կտրվածքով, անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով։
Վթարից տուժածների բուժումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո։