Բաժիններ՝

Փաստաբանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել երեք հոգու

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Շարբաթյանի սպանության գործով մեղադրական եզրակացությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 3 բնակչի։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, գործով մեղադրյալ Արտակ Վերանյանը 2012 թվականի սեպտեմբեր ամսից ամուսնության նպատակով ընկերության առաջարկներ է կատարել իրենց թաղամասի մի բնակչուհու, հետևել ու հետապնդել նրան։ Վերջինիս նկատմամբ հետապնդումները Ա.Վերանյանը չի դադարեցրել անգամ մերժումներ ստանալուց հետո ՝ չնայած աղջկա եղբորը տված խոստմանը, որ մեկ անգամ ևս քրոջ կողմից մերժվելու դեպքում Արտակ Վերանյանն այլևս նրան չպետք է անհանգստացնի: Մտավախություն ունենալով, որ նա կարող է փախցնել աղջկան՝ վերջինիս հարազատները դիմել են երևանաբնակ քեռուն՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ոստիկանության համակարգի նախկին ծառայող Սամվել Շարբաթյանին, ով 2012 թվականի նոյեմբերի 17-ին Վանաձորի ռեստորանում հանդիպել է նրան:

Հանդիպմանը ներկա են եղել նաև այլ անձինք, նրանց թվում Արտակ Վերանյանի եղբայրը՝ Արեն Վերանյանը եւ վերջիններիս կնքահայր Սամվել Դիլոյանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Արտակ Վերանյանը մինչև աղջկա հոր Ռուսաստանից ժամանելը չի անհանգստացնի նրան:
Հաջորդ օրը՝ 2012 թվականի նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել հաջորդ հանդիպումը, որին արդեն ներկա է եղել նաեւ աղջկա եղբայրը, որպեսզի վերջինս չանհանգստանա քրոջ համար և անձամբ համոզվի պայմանավորվածության մեջ:

Քրեական գործով նախաքննությամբ պարզվել է, որ հացկերույթի ավարտին, ռեստորանից դուրս գալուց առաջ Սամվել Շարբաթյանը կրկին խնդրել, պահանջել է, որ Ա.Վերանյանը չանհանգստացնի աղջկան՝ մինչեւ վերջինիս հոր վերադարձը՝ նշելով, որ պայմանավորվածությունը խախտողին կպատժի։ Առաջացել է վիճաբանություն, որը ռեստորանի միջանցքում զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով, ապա շարունակվել բակում։ Քննության տվյալներով, վիճաբանության ժամանակ Ս.Դիլոյանը եւ Վերանյան եղբայրները, բռունցքներով ու ոտքերով բազմակի հարվածներով կոտրելով Սամվել Շարբաթյանի դիմադրությունը, նրան գցել են գետնին և շարունակել ոտքերով հարվածելը նրա մարմնին, այդ թվում՝ գլխին: Հարվածները շարունակվել են նաեւ Սամվել Շարբաթյանի գիտակցությունը կորցնելուց, փաստացի դիմադրելու անընդունակ վիճակում հայտնվելուց հետո:

Բացի այդ, պարզվել է, որ Արտակ Վերանյանը որպես զենք օգտագործվող գործարանային արտադրության օդամղիչ ատրճանակից 6 անգամ կրակել է Սամվել Շարբաթյանի մարմնին՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային, առաջակողմնային և հետին մակերեսների, ձախ ազդրի առաջային մակերեսի շրջաններում պատճառելով արյունազեղումներ:
Հավաքված քաղաքացիների միջամտությամբ, ինչպես նաև տեսնելով, որ Սամվել Շարբաթյանը կենդանության նշաններ ցույց չի տալիս, ժամը 22։10-ի սահմաններում Սամվել Դիլոյանը, Արտակ և Արեն Վերանյանները հեռացել են, իսկ Սամվել Շարբաթյանը նշյալ խմբի կողմից գլխի շրջանում հասցված բազմաթիվ հարվածների հետևանքով առաջացած գանգուղեղային փակ-բութ վնասվածքներից մահացել է:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի Գուգարքի քննչական բաժանմունքում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, Ս.Դիլոյանին եւ Վերանյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս