Արագածոտնի մարզում 11 կրթական հաստատություն է վերանորոգվում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով մի շարք համայնքներում կրթական հաստատությունների վերանորոգման աշխատանքների ընթացքին:
Առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի շրջանակում մարզում ընդհանուր առմամբ վերանորոգվում է 11 դպրոց:
Մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Թալին, ծանոթացավ քաղաքի թիվ 2 դպրոցի վերանորոգման ընթացքին: Ծրագրով հատկացված 120 մլն դրամով հիմնանորոգվել են շենքի երեք մասնաշենքերը: Շինարարական հիմնական աշխատանքներն ավարտված են, պատասխանատուները վստահեցրեցին, որ առաջիկայում կավարտվի նաեւ բարեկարգումը:
Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ Նոր Եդեսիայի եւ Ապարանի թիվ 1 դպրոցներ, որոնք եւս վերանորոգվում են նույն ծրագրի շրջանակում: Այդ նպատակով ծրագրով համապատասխանաբար հատկացվել է 52 եւ 70 մլն դրամ: Նորոգման աշխատանքները երկու հաստատություններում էլ մոտենում են ավարտին:
Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց աշխատանքները կազմակերպել այնպես, որ աշակերտները կարողանան ուսումնական տարին սկսել վերանորոգված ու բարեկարգ դպրոցներում: Պատասխանատուները տեղեկացրեցին, որ բոլոր 11 դպրոցներում աշխատանքները մինչ նոր ուսումնական տարվա սկիզբը կավարտվեն: Հնարավոր է, շարունակվեն դրսի բարեկարգման աշխատանքները, որոնք չեն խանգարի ուսումնական գործընթացին:
Ագարակավան համայնքում Ա. Գեւորգյանը ծանոթացավ մշակույթի տան վերանորոգման ընթացքին, որտեղ եւս աշխատանքներն առաջիկայում կավարտվեն:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին