
Միջադեպ Հայաստան-Ադրբեջան սահմանագծին. Կա մեկ զոհ (լրացված)

Այսօր Հայաստանի հարավարևմտյան սահմանին՝ Սյունիքի մարզի, Նախիջևանի և Իրանի Իսլամանակն հանրապետության սահմանների հատման մասում, Ագարակում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից վիրավորվել են երկու ժամկետային զինծառայողներ: Այս մասին տեղեկացնում է Times.am-ը:
Զինծառայողներին 12:00-ից 12:10-ի սահմաններում տեղափոխել են Ագարակի բժշկական կենտրոն: Մինչ հիվանդանոց տեղափոխելը՝ զինծառայողներից մեկն արդեն մահացած է եղել: Իսկ մյուս վիրավոր զինծառայողին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո կտեղափոխեն Սիսիանի զինվորական հոսպիտալ:
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Times.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է տեղեկատվությունը` նշելով, որ մանրմասները դեռ ճշտվում են
Դեռևս չի հաջողվել պարզել մահացած և վիրավոր ժամկետային զինծառայողների ինքնությունները:
ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը: Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: