
ՄԱԿ ԱԽ-ն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցով

Ռուսական «РИА Новости» գործակալությունը տեղեկացնում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի հավաքվել է արտակարգ խորհրդակցության` քննարկելու համար Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման մասին նոր եւ դեռեւս չհաստատված տվյալները:
Խորհրդակցությունը հրավիրվել է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի խնդրանքով: Սպասվում է, որ զեկույցով հանդես է գալու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Յան Էլիասոնը:
Չորեքշաբթի առավոտյան արաբական հեռուստաալիքները հաղորդել էին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի կիրառման մասին` վկայակչելով ընդդիմադիրների հայտարարությունները: Սիրիայի կառավարության ներկայացուցիչը հերքել էր այդ տեղեկությունները` դա համարելով ՄԱԿ-ի փորձագետների առաքելության աշխատանքը խափանելու փորձ:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը կազմակերպության կենտրոնակայանում հրավիրված ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ Դամասկոսում գտնվող ՄԱԿ-ի փորձագետների խմբի ղեկավար, շվեդ պրոֆեսոր Օկե Սելստրոմը Սիրիայի իշխանությունների հետ քննարկում է քիմիական զենքի հետ կապված միջադեպի բոլոր մանրամասները: