Տիգրան Խզմալյան. «Արաբկիրի ոստիկանության փոխգնդապետ Պետրոսյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ակտիվիստ աղջկա հասցեին»
«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ Նախախորդարանի անդամ Տիգրան Խզմալյանը, ում այսօր Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցող բախումների արդյունքնում բերման էին ենթարկել ոստիկանություն, ոստիկանության բաժանմունքում որևէ արձանագրություն չի ստորագրել։ Նշենք, որ նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Տիգրան Խզմալյանը, ինքը ոչ մի արձանագրություն չի ստորագրել, իրեն Արաբկիրի ոստիկանությունում պահել են 3 ժամ, որից հետո բաց են թողել՝ կազմելով արձանագրությունը։ Ի դեպ, կինոռեժիսորը նշել է, որ չի պատրաստվում այն բողոքարկել:
Տիգրան Խզմալյանի խոսքով՝ վարչական բերում է իրականացվել նաև Անուշավան անունով ակտիվիստի նկատմամբ, ով իր երակները կտրել էր շինհրապարակում, նրան սկզբում հիվանդանոց են տեղափոխել, ապա՝ ոստիկանություն։
Տիգրան Խզմալյանը նաև փոխանցել է, որ Կոմիտաս 5 Ա հասցեում այսօր ակտիվիստ Տաթևիկ Մայիլյանի հասցեին Արաբկիր ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, աղջիկն արտասվել է:
«Ցինիկ, սադրիչ գործողություններ են, որոնք իրականցնում է անձամբ Արաբկիր ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանը, ինչը խայտառակում է, թե նրա համազգեստը և թե մեր հանրապետությունը»,- ասել է Տիգրան Խզմալյանը:
«Փաստինֆոն» Ոստիկանությունից փորձել է պարզել, թե նշված հասցեից քանի՞ ակտիվիստի նկատմամբ է վարչական բերում իրականացվել, Ոստիկանության լրատվության աշխատակից Արմեն Մալխասյանը պատասխանել է. «Նախ՝ ճշտենք ակտիվիստների անուն-ազգանունները, ապա՝ կպատասխանեմ հարցին»:
Կարդացեք այստեղ.