Փաստաբանը Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել
Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ, Սուրիկկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի մասով քրեական գործը կաճելու, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ռուբեն Սահակյանը:
«Շատ ձգվեց, այդքան չպետք է ձգվեր»,- ասել է պարոն Սահակյանը:
Գորիսում հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նախկին մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը ու թիկնապահը` Զարզանդ Նիկողոսյանը մեղադրվում են շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար:
Նրանք կալանավորվել էին դեպքից հետո և մինչ այժմ գտնվում են « Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նշենք նաև, որ նախաքննության ժամանակ պարզվել էր, որ դեպքի օրը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին եղել է թմրանյութի ազդեցության տակ: Տեղեկացնենք նաև, որ այս գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել նաև այդ օրը մահացած Ավետիք Բուդաղյանի եղբայր, Ասկերանի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի նկատմամբ այն բանի համար, որ սպանության սպառնալիքներ է արել Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին:
Նախաքննության ընթացքից, ընդհանուր առմամբ, Ռուբեն Սահակյանը դժգոհ է, քանի որ նրա խոսքով, իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը «ակնհայտ ապօրինի» մեղադրանք է: «Ո՛չ Տիգրան Խաչատրյանի և ո՛չ էլ Զարզանդ Նիկողոսյանի (թեպետ ես նրա պաշտպանը չեմ), արարքներում չկան այն հանցակազմերը, որոնք վերագրվել են այդ երկու անձանց»,-թղթակցի հետ զրույցում ասել է ասաց Ռուբեն Սահակյանը:
Նրա համար տարօրինակ է` ինչպե՞ս կարելի է հիմնավորված, օրինական ու պատճառաբանված համարել մեղադրանքը, եթե Արտակ Բուդաղյանը և Սուրիկ Խաչատրյանի մյուս թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը ստացել են մեկական մարմնական վնասվածք: «Յուրաքանչյուրին մեկական կրակոց, բայց մեղադրել երկու հոգու, տրամաբանությունը ո՞րն է: Ես տրամաբանություն չեմ տեսնում: Չի կարելի երկու հոգու մեղադրանք առաջադրել, նույն արարքի համար, եթե ընդամենը մեկ կրակոց է ստացել տուժողը»,- նկատեց Տիգրան Խաչատրյանի փաստաբանը:
Ռուբեն Սահակյանի խոսքով՝ իր պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանը Բուդաղյան եղբայրների հետ որևէ խնդիր չի ունեցել: «Եթե որևէ խնդիր ունենար, այդ մասին մամուլը վաղուց գրած կլիներ»,- հավելել է փաստաբանը:
Մանրամասները կարդացեք այստեղ՝