Ինքնասպան տղան «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի հաղթողն էր. մամուլ
«Երեկ, կեսօրից հետո, կառավարական երրորդ մասնաշենքի բակում իրարանցում էր: Շտապօգնության մեքենաներն ու ոստիկանները պաշարել էին նախարարությունների շենքի բակը, իսկ աշխատակիցները, ընդմիջման գնալու փոխարեն, կախվել էին պատուհաններից: Ներքևում մուգ արյան լճակ էր, որը մոտ մեկ ժամ անց սկսեցին լվանալ ասֆալտի վրայից»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Ժամը 13:00-ի սահմաններում վեցերորդ հարկից, որտեղ տեղակայված է կրթության և գիտության նախարարությունը, ցած է նետվել 22 տարեկան Հայկ Հայրապետյանը: Նա բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ էր լեզվի գծով: Նրա հետ էր աշխատում նաև քեռին, որն ապրում է Եղվարդում:
Հայկ Հայրապետյանը հասցրել էր լայն հեռուստալսարանի ուշադրությունը գրավել՝ 4 տարի առաջ մասնակցելով «Շանթ» հեռուստաընկերության «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» նախագծին, երբ բազմաթիվ բարդ հարցերի պատասխանեց և 500 հազար դրամ վաստակեց: Սակայն, չպատասխանելով վերջին հարցին, Հայկ Հայրապետյանը նախընտրեց վերցնել գումարը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակի» այսօրվա համարում: